820 սիրիացի վարձկան է տեղափոխվել Ադրբեջան, նրանք ներգրավվել են ռազմական գործողություններում. РБК

Անկարային աջակցող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել
պատերազմ

Թուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Անկարայի աջակցությամբ Սիրիայում վարձկաններ են հավաքագրում՝ Ղարաբաղում հակամարտության գոտի ուղարկելու և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնել է ռուսական РБК լրատվամիջոցը՝ հղում տալով Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնին:

Կենտրոնը գրանցել է նվազագույնը 850 զինյալի տեղափոխում Ադրբեջան: Սեպտեմբերի 29-ին կենտրոնը հաղորդել է այն մասին, որ զինյալների թիվը կազմել է 320, սակայն 1 օրում հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 520 մարդ: Ադրբեջան ուղարկվելիս իրենց հիմնական առաջադրանքն առանձին հատվածների պահպանությունն է եղել, սակայն արդյունքում իրենց ներառել են ռազմական գործողություններում:

Կենտրոնը, հղում անելով աղբյուրների, հաղորդում է, որ վարձկանների մեծ մասը սիրիական թուրքմեններ և Սիրիայի հյուսիսի թյուրքական բնակչության ներկայացուցիչներ են: Անկարային աջակցող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել:

Բացի դա, РБК-ն գրում է, որ կենտրոնը հաղորդում է նաև Սիրիայում հայկական սփյուռքից հակամարտության գոտի մարտիկների տեղափոխման մասին, սակայն չի հստակցվում, թե քանի հոգու մասին է խոսքը:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն 3 վարձկան է սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից: