Արծրուն Հովհաննիսյանը՝ Ալիևին․ համապատասխան անակնկալներ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք շատ լավ գիտենք, թե ինչ կա իրենց ռազմաօդային ուժերում, թե ինչ կործանիչներ կան և լավ գիտենք

ՀՀ-ն բարձրացրել է հարցը, որ օգոստոսի 13-14-ին զորավարժություններն ավարտվեցին ու F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից` մնալով օդանավակայաններում: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական կործանիչի ներգրավվածությանը ռազմական գործողություններում:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ այս ամենը չընդունելուն և ծիծաղելի հայտարարությանը, թե իրենց ռազմաօդային ուժերում չկա F-16, մենք շատ լավ գիտենք, թե ինչ կա իրենց ռազմաօդային ուժերում, թե ինչ կործանիչներ կան և լավ գիտենք, որ իրենց կործանիչները չեն կարող մարտական խնդիրներ կատարել, դրա համար էլ F-16-երն այնտեղ են, մենք գիտենք, որ այդ կործանիչների հետ իրենք վաղուց են աշխատում:

ՀՀ-ն տիրապետում է համապատասպան տեղեկությունների, այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցներ։ Բոլոր նրանց, ովքեր հերքում են պաշտոնական տեղեկությունները, համապատասխան անակնկալներ են սպասվում ապացույցների տեսքով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դեռ Արցախի նախագահը հայտնել էր՝ F-16-երը բերվել են օրեր առաջ, կատարել են հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ. «Դրանք բերվել էին, քանի որ ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել»,-ասաց նա և նշեց, որ բացի դրանից Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ մի քանի տեսակի ԱԹՍ-ներ, որոնք համադրելի չեն ՄԻԳ-29-ի կամ ՍՈւ-25-ի հետ։

«Ավելին ասեմ, մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ F-16-ն օդում է, աշխատում է, զուգահեռ սահմանի մյուս կողմից թուրքական ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում, բորտերով, համարներով. շատ լավ գիտենք էդ ամեն ինչը: Եթե որևէ մեկի մոտ կասկած կա, ասեմ, որ միջազգային փորձագետներ կան, որ պետք է տեսնեն այդ ամենը, կարող ենք տրամադրել այդ ամեն ինչը»,-ասաց նա և նշեց, որ ապացույցները հավաքել են, տեղին և ժամանակին դրանք կներկայացվեն:

Հարցին, թե այդ ինքնաթիռները որ երկրի սահմանով են եկել, նա ասաց, որ այս պահին չի կարող հայտարարել, բայց այդ տեղեկությանն էլ են տիրապետում:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նպատակահարմար չեն համարում կոնկրետ ուղղություններով ասել մեր հաջողությունների մասին, բայց նույնիսկ հակառակորդի մարտավարական նրբությունների փոփոխությունները ֆիքսում են: Նա նշեց, որ կամավորներին որպես կանոն չեն ընդգրկում, քանի որ պահեստազորայինների զորահավաքի հստակ պլանը կատարվում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Այդ ուղղությամբ օգտագործված թուրքական F-16 կործանիչի հարվածից ՀՀ տարածքում խոցվել է հայկական օդուժին պատկանող ՍՈւ-25 ինքնաթիռը, որի օդաչուն, ցավոք, զոհվել է։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։