Մոտ 49 մլրդ դրամի պակաս հարկային հավաքագրում ունենք, և գնալով այս թիվը կաճի. ՊԵԿ նախագահ

Մանրամասներ

պեկ

ՊԵԿ պարգևավճարները շատ համահունչ են ու ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Հարցին՝ եթե պարգևավճարներ չտրվեն, լավ չե՞ն աշխատելու ՊԵԿ աշխատակիցները, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսօր միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»։

Tert.am-ի հարցին, թե հարկային հավաքագրումները որքան պակաս կլինեն նախատեսվածից և այդ առումով ինչ մտահոգություններ կան, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել տարբերության մասին, առաջիկայում կամփոփեն երրորդ եռամսյակը։

«Ինն ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաև հավաքագրումներին, ընդհանուր առմամբ, Կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո ու կառավարելի է»,- ասաց նա և հայտնեց, որ ութ ամսվա կտրվածքով ունեն մոտ 49 միլիարդ դրամի պակաս հավաքագրում։