Վաղը կքննվի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու այն

ծառուկյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ միջնորդությունը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ, որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ փաստաբանական թիմը վաղվա դատական նիստին ներկայանալու մասին արդեն ծանուցվել է։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։