«Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնություն է սկսում

Հրապարակելու են իշխանությունների կամակատար դատավորների մասին տեղեկություններ

դատավոր

AntiFake.am-ը սկսում է «Անիրավ դատավոր» հետաքննական նախաձեռնությունը, որի շրջանակներում հրապարակելու ենք իշխանությունների կամակատար «անիրավ դատավորների» մասին հանրությանը հետաքրքրող տեղեկություններ՝ սկսած կասկածելի ունեցվածքից ու բիզնեսներից, վերջացրած կախվածություն ստեղծող կապերով։

Նշված հրապարակումների հիման վրա ձևավորվելու է անիրավ դատավորների ցուցակ, որը կանվանակոչվի առավել աչքի ընկնող անիրավ դատավորներից մեկի պատվին։ Միևնույն ժամանակ, հրապարակումները թարգմանվելու և ուղարկվելու են շահառու միջազգային կառույցներին, ինչպես նաև դրանց հիման վրա նախաձեռնվելու են իրավական գործընթացներ։

Համաձայն կայքում հրապարակված տեղեկատվության՝ նախաձեռնության առիթն է այն, որ հիմա հատկապես առաջնային է դատական համակարգի առողջացումն ու կայացումը, քանի որ հանրության մեջ հստակորեն առկա է արդարության վճռական պահանջ, իսկ արդարության վերին ատյանը հենց անկախ դատարանն է,  դատավորների անկախությունը լուրջ հարցեր էր հարուցում դեռ նախքան 2018 թվականը, իսկ ներկայում՝ «վնգստալու» հայտնի հրապարակային հրավերից հետո, իրավիճակը շատ ավելի է վատացել, դատավորները պաշտոնավարում են տասնամյակներով, և նրանց հնարավոր չէ փոխել ո՛չ հեղափոխություններով և ո՛չ էլ հերթական ու արտահերթ ընտրություններով:

Իրավիճակը շտկելու ամենաարդյունավետ ճանապարհը անհատականացված ու թիրախային մոտեցումն է՝ հանրային իրազեկվածություն ապահովելու և դրա հիման վրա հանրային ճնշում բանեցնելու ու իրավական գործիքակազմ կիրառելու միջոցով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: