Ամեն ինչ՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

նիկոլ

2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ hetq.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը, yerkir.am-ը և hraparak.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 285 հոդված։ Որոնցից 88-ը՝ բացասական, 7-ը՝ դրական, 190-ը՝ չեզոք են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։

Մամուլն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, գրել է․ «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով, որպես ղարաբաղցի և որպես ազատամարտի ծանրությունն իր ուսերին կրած անձնավորություն, Քոչարյանը երբևէ չնահանջեց Արցախի Հանրապետության անկախության գաղափարից՝ ավելի կամ պակաս չափով կյանքի կոչելով այն: Փաշինյանը հենց սկզբից որոշեց զրոյացնել նախորդների կողմից կատարված ողջ աշխատանքը՝ Իլհամ Ալիևի հետ հաստատելով ինչ-որ շփումներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, անարդյունք էին»։

Մարինա Խաչատրյանն, անդրադառնալով վարչապետի պաշտոնավարմանը, բաց նամակ է գրել, որում նշված է․ «Պարո՛ն Փաշինյան, Ձեր իշխանության գալու օրվանից ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստան բերելու եք քաոս, պղծություններ, թշվառություն և կործանում։ Դե ինչ անեմ … համ տեղեկացված եմ, համ լավ անալիտիկ ունակություններ ունեմ … իսկ ինտուիցիայիս անգամ Դուք կարող եք նախանձել»։

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին․ «Փաշինյանը այն ամենի մարմնավորումն է, ինչ քննադատում է, նկատես նրա անսպառ ստերը, դու անմիջապես կորակվես դավաճան, նախկին ռեժիմի ստրուկ, առավել մառազմատիկները քեզ կդարձնեն ազգադավ, ազգակործան, հայրենադավ ու էլ նման ճռճռան բառեր, ֆեյքերը միսդ կուտեն բոլոր լրատվականների տակ, դու կստանաս սպառնալիք-նամակներ, բարեկամներդ կստանան «բարեկամական» նախազգուշացումներ ու քեզ չի մնա այլ բան, քան հասկանալ, որ Չհիասթափվելը սույն պերսոնաժներից ավելի հարմար է, հեշտ ու անվտանգ»:

Hraparak.am- ը գրել է 132 հոդված, բացասական՝ 58, դրական՝ 5, չեզոք՝ 69:

Լրատվականում տեղ է գտել Մարինա Խաչատրյանի բաց նամակը, Արփինե Հովհաննսիյանի դիտարկումը։

Լրատվականն, անդրադառնալով դատական իշխանությանը, գրել է․ «Այդ ոլորտի կադրային կարճատես քաղաքականության դրսեւորումներից է նաեւ Ն․ Փաշինյանի կողմից փետրվար ամսին ստեղծված «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը»՝ մասնավորապես վերջինիս կազմում սահմանադրագիտությունից եւ ընդհանրապես իրավագիտությունից «ֆիզիկոս լինելու չափ» հեռու ոմն քաղաքացի Դանիել Իոաննիսյանին ընդգրկելը»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկին, նշել է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր գրել է մի ստատուս, և խնդրել է լրատվամիջոցներին այն վերնագրել «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ»: Հարգելի պարոն Փաշինյան, անսխալական մարդ չկա, և սխալվելը ևս մարդու համար է (թեև վերջին երկու տարվա ընթացքում Դուք բազմիցս, կամա թե ակամա, համեմատել եք Ձեզ Քրիստոսի և Աստծու հետ): Խնդիրը սխալվելը չէ: Ձեր նամակում բոլորին փորձում եք համոզել, որ միայն այդ «սխալների» շնորհիվ հնարավոր եղավ անել այն ինչը տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիսին: Բայց ոչ ոք չի քննարկում դա լավ էր թե՞ վատ, ճիշտ էր, թե ՞ սխալ: Այդ ժամանակ Դուք ճիշտ էիք, գոնե այն պարզ պատճառով, որ «հաղթողներին չեն դատում»: Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ, ինչպես այն դերասանները, որոնք մնում են մեկ դերի տակ»:

Լրատվականը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Արայիկ Հարությունյանին հղում անելու փաստին և գրել․ «Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից, որտեղ նա անթույլատրելի կարմիր գծեր խախտեց՝ իրեն քննադատողների հսկայական բանակից առանձնացնելով Գագիկ Ծառուկյանին եւ նրա անցյալը հիշելով։ Այսօր իր նախարարին պաշտպանեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելի խորացնելով անմակարդակ դիսկուրսը եւ հարցը տեղափոխելով տղայական ռազբիրատի դաշտ։ Եւ «պաշլո պաեխալով»․․․»։

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրահանգել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին երկարաձգել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Թամամյանը հրապարակել է տեսանյութ ու մեկնաբանել․ «Հպարտ եմ եւ երջանիկ աշխատել նման թիմում! Հանուն մեր պետության, հանուն մեր երեխաների»։

Մամուլն, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքին, գրել է․ «Բացահայտ ճշմարտություն է, որ «Իմ քայլը» դաշինքը «իզմերը» մերժող, գաղափարազուրկ, տարերային սկզբունքով հավաքագրված հավաքածու է, որը գոյություն ունի զուտ Նիկոլ Փաշինյանի ազդեցության և հեղինակության շնորհիվ»։

yerkir.am- ը գրել է 132 հոդված, բացասական՝ 29, դրական՝ 0, չեզոք՝ 103:

Լրատվականում տեղ է գտել Արփինե Հովհաննիսյանի դիտարկումը։

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա անդրադարձ է կատարվել Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցում կորոնավիրուսի տարածման թեմային, ևս տեղ է գտել կայքում․ «Ամենաթարմ օրինակը, որը կարող եմ ներկայացնել, վերաբերում է Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցին։ Արդեն մի քանի օր է ուսուցիչները հաճախում են դպրոց, սակայն դեռևս թեստավորում չեն անցել (անհայտ է նույնիսկ թեստավորման մոտավոր ժամկետները, կարող է լինել նույնիսկ մեկ ամիս հետո), իսկ այդ ընթացքում ,ճշգրտված տեղեկությունների համաձայն, դպրոցի աշխատակազմից մոտ 9 ուսուցիչ ունի ախտանշաններ, իսկ մի քանիսի մոտ թեստը հաստատվել է դրական, ի դեպ, նրանք հաճախել են աշխատանքի, այստեղից հետևություն, որ փաստացի կոնտակտավոր է դպրոցի գրեթե ամբողջ կոլեկտիվը և աշակերտները․․․ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ այս և երկրում տիրող խայտառակ իրավիճակի ու ամենաթողության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր «խելացի» թիմը»։

Կայքում տեղ գտած վերլուծություններից մեկում անդրադարձ է կատարված ՀՀ ներքաղաքական իրավիճակին․ «Մի քանի օր է՝ Հայաստանի քաղաքական դաշտում «բռնաբարների» եւ «գժերի» պատերազմ է ընթանում։ Քանզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատելու, իրական ռեֆորմներ անելու, ընդդիմադիրների քննադատությունները կառուցողական մթնոլորտում քննարկելու փոխարեն որոշել է քաղաքական հակառակորդներին շշպռելու, վիրավորելու «մաստեր կլասներ» ցուցադրել։Ամեն ինչ սկսվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քննարկումից, որի ժամանակ կրթական աղմկահարույց չափորոշիչների թեման էր արծարծվում։ Նախարար Արայիկ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթը որոշեց նվիրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ իրեն քննադատողների հոծ բանակից թիրախավորելով միայն վերջինիս»։

Ըստ կայքում տեղ գտած նյութի՝ կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։

Azatutyun.am- ը գրել է 30 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 1, չեզոք՝ 28:

Կայքում Արյունաբանական կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացն է լուսաբանվել՝ վերնագրվելով հետևյալ կերպ․ «Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնավարումը վարչապետի հանձնարարականով կշարունակվի»։

Լրատվականն անդրադարձել է Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությանը Փաշինյանի այն պդնման վերաբերյալ, թե հեղափոխական արժեքներից խոսում են նրանք, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո։ Իոաննիսյանը հիշեցնում է, որ այսօր իշխող ուժում կան շատ մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին ընդհանրապես Սերժ Սարգսյանի իշխանության կազմում էին կամ առհասարական հեղափոխության հետ կապ չունեին։ Մինչդեռ ՍԴ կազմը այսօր քննադատողների մեջ կան մարդիկ, ովքեր եղել են հաղափոխության դեմքերից, շատ ավելի վաղուց են սկսել մարդու իրավունքների համար իրենց պայքարը և ավելի շատ իրավունք ունեն խոսելու հեղափոխության արժեքներից, քան իմքայլական շատ պատգամավորներ։

hetq.am- ը գրել է 28 հոդված, բացասական՝ 0, դրական՝ 0, չեզոք՝ 28:

Armtimes.com- ը գրել է 14 հոդված, բացասական՝ 0, դրական՝ 1, չեզոք՝ 13:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Մեդիա Պաշտպան