«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հրաժարվել է «Արտ Լանչի» ծառայություններից

Պատճառն այն է, որ նախօրեին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում է ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի

հիվանդանոց

Tert.am-ի  տեղեկություններով՝ «Արտ Լանչ» ճաշարանների ցանցն այլևս չի սպասարկի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Բժշկական կենտրոնը պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ:

Պատճառն այն է, որ նախօրեին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում է ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի: Նրանց բոլորի վիճակը լավ է:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները կլինեն մինչև մեկ շաբաթվա ընթացքում։

«Արտ Լանչ»-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանը երեկ գրառում էր արել՝ նշելով.«Ես ուզում եմ, որ երկրումս ամեն մեկը կրի պատասխանատվություն իր կատարած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը «Արտ Լանչը» չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք պրոֆեսիոնալ, սպասենք արդյունքներին»: