Կմաշենք ձեզ՝ կանցնեք, կգնաք. Մարուքյանի պատասխանը ԲՀԿ-ին

Մարուքյանի խոսքերով ամեն ինչ սկսվել է նախընտրական հեռուստաբանավեճից, երբ ինքը հարց է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների դեմ այլանդակ, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվում: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Վերջինս ուղիղ եթեր մտնելուց առաջ գրառում էր կատարել՝ նշելով. «Գագիկ Ծառուկյանին ասեք նայի»:

«Դրված են մեծ ռեսուրսներ, հեռուստաընկերություն, մեդիադաշտ, մեծ փողեր, ֆեյքեր եւ ֆեյք մարդիկ: Մի հարձակում է, մի վայնասուն․ մարդիկ զարմանում են, զանգում են, գրում են՝ այ Էդմոն ջան, այ ախպեր ջան, էս ինչ ա եղել: Հո՞ չենք կարող բոլորին պարզաբանել: Երկրի պրոբլեմները թողել են, բան ու գործ թողել են, ընկել են «Լուսավոր Հայաստանի» հետեւից, հիմա մենք էլ մեր գործերը թողնե՞նք: Պատերազմ եք մեզ հայտարարում, ուզում եք հետներս պատերազմել․ ախր մոռացել եք՝ մենք՝ ով, դուք՝ ով, կմաշենք ձեզ, կմաշենք՝ կանցնեք, կգնաք․ այ էդքան երկար կպատերազմենք: Չգիտեմ՝ ով է նայում պատերազմողներից՝ եթե Գագիկ Ծառուկյանը նայում է, ուշադիր լսեք՝ դուք ում ասես հանել եք մեզ վրա, որ իրենց վրա հարձակվենք, դուք տակից դուրս գաք: Հնարավորինս զսպել եմ իմ թիմակիցներին, որպեսզի որեւէ վիրավորական բան չասեն»,- ասել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի խոսքերով ամեն ինչ սկսվել է նախընտրական հեռուստաբանավեճից, երբ ինքը հարց է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ասում եմ՝ գործարարներին մենք կպաշտպանենք, կարիք չկա գնալ խորհրդարան նոր Հայաստանում ու իրենք մտնում են անձնական դաշտ, ասում են՝ տո դու քեզ պաշտպանի, քո կուսակցությանը պաշտպանի, Գեւորին ճանաչում ես, եսիմ ում ճանաչում ես ու դա Հանրայինի եթերում: 2007-ից Հայաստանում երկրորդ ուժն եք՝ կա՛մ կոալիցիա եք, կա՛մ ընդդիմություն, եւ երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանին եք պաշտպանել: Եւ Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով ավելի ընդդիմադիր եք, քան ես»,-ասել է նա:

Մարուքյանը նաև հայատարարել է,  որ ինքը եւ իր ղեկավարած կուսակցությունը պրոյեկտ չեն, ավելին՝ իրենք կարող են պրոյեկտ ունենալ:

Վերջում Մարուքյանը նշել է, որ իրենք գնացել են Էջմիածին, աղոթել են իրենց վրա հարձակվողների համար, աստծուն խնդրել են, որ նրանց ների, որովհետեւ իրենք ներել են նրանց․ «Դուք ներված եք, քանի որ դուք չգիտեք, թե ինչ եք անում»:

Մանրամասները՝ տեսանյութում: