Ոստիկանների շրջանում դժգոհություն է հասունանում

Ստացվում է՝ նոր իշխանությունները զբաղված են ոչ թե կառուցելու, այլ եղածն ավերելու գործով
Live24.am-ը ներկայացնում է

ոստիոստիկանություն

Չի բացառվում, որ երկրում մասսայական գործադուլներ սկսվեն, քանի որ գործընթացը Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականության արդյունքում մասնակի սկսված է։ Ոչ միայն թշնամանքն ու ատելությունն են օր-օրի ավելանում երկրում, այլեւ բոլոր ոլորտներում քաոսային վիճակ է։ Մի քանի օր առաջ Սյունիքում մի ամբողջ բաժնի աշխատակից ոստիկաններ են ազատման դիմումներ գրել, մյուս օրը՝ բժիշկներ։ Բոլոր համակարգերում «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը թերեւս տանելի է, սակայն երբ այդ ամենի կողքին նաեւ ոլորտին անծանոթ անգրագետներն են պաշտոններ ստանում, համակարգը սկսում է քանդվել։ 

Ստացվում է՝ նոր իշխանությունները զբաղված են ոչ թե կառուցելու, այլ եղածն ավերելու գործով․ Կապանի ոստիկանությունում միանգամից 7 օպերլիազոր ազատման դիմում է գրել։ Ի դեպ, ամբողջ մարզում եւս ոստիկանական համակարգում անհանդուրժողական, դժգոհ մթնոլորտ է։ Դժգոհում են, որ իրենց անտրամաբանական որոշումների պատճառով ոստիկաններին դարձրել են քաղաքացու թշնամին, ոստիկանի կերպարը զրոյացել է, ոչ ոք չի ցանկանում աշխատել համակարգում, եւ իրենց վերադասներին հայտնել են այդ մասին։ Հասարակական կարգը պահպանելու փոխարեն, ոստիկաններն այսօր ստիպված են ռեկետ անել, քանի որ, ըստ համակարգում աշխատողների, դիմակ չկրող քաղաքացուն տուգանելու պլան է դրված նրանց վրա, եւ պետք է օրվա ընթացքում թիվ ապահովվի, արդյունքում փոքր քաղաքներում ոստիկանների նկատմամբ թշնամության մեծ ալիք է բարձրանում։

Իրավիճակն առանձնապես չի տարբերվում նաեւ առողջապահության ոլորտում։ Նախօրեին տեղեկացանք, որ քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկներն ազատման դիմումներ են ներկայացրել։ Նշել են՝ եթե որոշում կայացնողներն ուշքի չգան, ապա ոլորտում այլեւս մասնագետներ չեն լինի, եւ սնխչի փնտրելու կարիք կլինի։ Այսպիսով ակնհայտ է, որ թեեւ համավարակի պատճառաբանության քողի ներքո փորձ է արվում առավելագույնս սահմանափակել ազատ հավաքների, ցույցերի իրավունքը, այնուամենայնիվ, հանրային դժգոհության ալիքն արդեն բարձրացել է, եւ այն կասեցնելը շատ բարդ է լինելու։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կանխատեսում է վտանգը, եւ պատահական չէ, որ երեկ ակնարկում էր, որ Covid-19 վարակակիրների թիվն ավելացել է․ նոր սահմանափակումներ են կիրառելու՝ հանրությանը լռեցնելու նպատակով։


Նարեկ ԴԱՋՈՒՆՑ
Կապան

Աղբյուրը՝ hraparak.am