Քոչարյան. Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդյունավետ կարող է չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում

Ռուսաստանը այդ երկրներից է եւ Ռուսաստանի հետ պետք է բանակցել, համագործակցել, լեզու գտնել, այլ ոչ թե վերջնագրերով խոսել
Live24.am-ը ներկայացնում է

ռոբերտ քոչարյան

Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ։ Այն միակ երկիրն է, որ կարող է այն անել արդյունավետ ձեւով։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում   տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Թուրքական գործոնը հնարավոր է չեզոքացնել՝ միայն Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությամբ։ Օբյեկտիվ վիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդյունավետ կարող է չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա, միակ երկիրն է։ Եվ ես չեմ հավատում, որ Ռուսաստանի դեմ կիրառվող եւ, միգուցե ավելացել են, պատժամիջոցները եւ դրանով էական թուլացնելու են Ռուսաստանին։ Չեմ կարծում։ Կարծում եմ, որ Ռուսաստանը մի փուլի մեջ է մտնում, որտեղ ազդեցությունը իրեն եւ՛ ավելացնելու է, եւ՛ ինքը ցույց է տվել, որ պատժամիջոցների ազդեցության տակ ինքն իր քաղաքականությունը չի փոխում։

Եվ ընդհանրապես, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պես նման վերջնագրերի ձեւով ազդելը չի անցնում։ Հսկայական ներուժ ունեցող երկրները, կայսերական անցյալ ունեցեղ երկրները այդպիսի լեզու չեն հասկանում։ Պետք է ընդհանուր բանակցել, պետք է ընդհանուր լեզու գտնել, պետք է համոզել, պետք է իրենց շահերը հարգել, նաեւ այդ ժողովրդի զգայուն թեմաներին չկպչել։ Մենք տեսնում ենք, Իրանը 40 տարի սանկցիաների տակ է ապրում, բայց չեն կարողանում կոտրել՝ այսպես «պրյանիկ-կնուտ» փոխելով, չի ստացվում, եւ չի էլ ստացվելու։

Կան ուղղակի ժողովուրդներ, երկրներ, որոնց հետ վերջնագրերի լեզվով խոսելն անիմաստ է։ Ռուսաստանը այդ երկրներից է եւ Ռուսաստանի հետ պետք է բանակցել, համագործակցել, լեզու գտնել, այլ ոչ թե վերջնագրերով խոսել»,– ասել է նա։