Երբ Նիկոլ Փաշինյանին պետք էր, գնում էինք նրա հետևից, այդ ժամանակ լավն էինք. հագուստ ներկրողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ

Հիասթափվել չենք ցանկանում, դրա համար ուզում ենք մտածել, որ այսօր կարող ենք հանդիպել Փաշինյանի հետ
Live24.am-ը ներկայացնում է

ակցիա

Բաբկեն Թունյանի հետ զրույց չի եղել, պարզապես կտրուկ պատասխանել է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, փոխզիջում չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, ով մասնակցում է Կառավարության դիմաց արվող բողոքի ակցիային։

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ որևէ փոփոխություն չի եղել և մաքսազերծման գները չեն փոփոխվել, որը որոշվել էր ՊԵԿ-ի կողմից։ Նա ներկայացրեց, որ թե՛ մարզերում, թե՛ Երևանում մեծածախ և մանրածախ շուկաների աշխատողները գործադուլ են հայտարարել, շուկաները փակ են։

«Այսօր բողոքի ակցիան շարունակելու ենք, վարչապետը պետք է մեզ լսի: Շատ վիրավորված ենք, երբ վարչապետի հետևից գնալ էր պետք, գնում էինք, այդ ժամանակ լավն էինք, բայց չենք կոտրվի, կսպասենք, մինչև մեզ կլսեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հիասթափվել չի ցանկանում, դրա համար ուզում է մտածել, որ այսօր կարող են հանդիպել Փաշինյանի հետ: