Մենք պահանջում ենք արտահերթ խոհրդարանական ընտրություններ

Սխալ է առաջնորդվել հինունորի կարգախոսներով
Live24.am-ը ներկայացնում է

 

2018-ի գարնանը ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան մարդիկ, որոնք հետո հեռացան 18 թվականին ձեւակերպված պահանջներից եւ իրենց տված բոլոր խոստումներից։ Այդ իշխանության անցած 2,5 տարվա  գործունեության ամփոփումից հետո կաող ենք ասել, որ նրանք շարունակաբար ձախողվում են։ Այս մասին «Կենտրոն» ՀԸ «Իմպուլս վերլուծական» ծրագրին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Բոլոր այն ոլորտներում, որտեղ ցանկանում են բարեփոխումներ անել, առաջանում են քաոս եւ ճգնաժամ։ Սահմանադրական դատարանում ասում էին ճգնաժամ կա, պետք է բարեփոխումներ անենք, արդար, թափանցիկ ՍԴ ունենանք, բայց նրանց գործողությունների արդյունքում այսօր ՍԴ-ում ունենք խորը ճգնաժամ։ Իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ունենա իր վերահսկողության ներքո գտնվող ՍԴ, նրանց չակերտավոր բարեփոխումների մոտիվացիան է ունենալ հսկելի, իշխանության որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, եւ առհասարակ վերահսկելի դատական համակարգ։ Նույնը մյուս բոլոր ոլորտներում։ Հիշո՞ւմ եք՝ 1,5 տարի առաջ ինչ էին հայտարարում բուհերի մասին․ Երեւանի պետական համալսարանը կոռուպցիայի մեջ է, քաղաքականացված է եւ այլն։ Մեկ տարի է՝ ռեկտոր չեն կարողանում ընտրել, պաշտոնակատարն էլ ասում է՝ ճիշտ կլինի, որ ռեկտոր նշանակի կառավարությունը, ոչ թե ընտրվի։ Այս իշխանության բարեփոխումների մոտիվացիան բարեփոխումները չեն», ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ բոլոր ոլորտներում քաոս է, որովհետեւ իշխանությունը չունի բարեփոխումների հայեցակարգ, զարգացման ռազմավարություն, բոլոր որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, մենք այն քաղաքական ուժը չենք, որ օգտվենք երկրի ծանր վիճակից։ Կորոնավիրուսի ներթափանցման առաջին օրերին Դաշնակցությունը հանդես է եկել մի քանի հայտարարությամբ, նախ ասել ենք, որ պատրաստ ենք մի կողմն դնել քաղաքական տարաձայնությունները,  համախմբել բոլոր ուժերը, որովհետեւ երկիրն ու ժողովուրդը ունեն խնդիր։ Իշխանությունը չի արձագանքել։ Մարտի 22-ին հանդես ենք եկել ամբողջական փաթեթով, 48 կետից բաղկացած, ասել ենք, որ պատրաստ ենք մեր ուժերով օգնել իշխանությանը՝  դժվարությունները հաղթահարելու համար։ Դարձյալ ոչ մի արձագանք չենք ստացել։ Սա է այս իշխանության դիմագիծը․ չլսելը, մեծատությունը, անփորձությունը։ Եվ նրանց անհետեւողական ու անգրագետ գործողությունների հետեւանքով ունենք հազարից ավելի մահ։ Հասարակական դժգոհությունները գնալով ավելանալու են», նշել է Ի․Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը սպառել է որեւէ իրական բարեփոխում անելու հնարավորությունը։

«Անցել է 2,5 տարի եւ իշխանությունը մնացել է լոզունգների մակարդակին։ Կեղծ վիճակագրական տվյալներ են ներկայացնում։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, մենք պահանջում ենք արտահերթ խոհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձեւավորվեն նոր խորհրդարան ու նոր որակի կառավարություն, որն ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները», ասել է դաշնակցական գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ  «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունների հետ համագործակցում են արդեն 3 ամիս, կոնկրետ օրակարգի շուրջ, հայտարարվել է, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, որեւէ անձի շուրջ համախմբում չէ, այլ ընդդիմադիր ուժերի համախմբում է։

«Բավական արդյունավետ ենք համագործակցում, օրակարգը վերջնական ձեւակերպման փուլում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվ աշխատում է։ Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անկացմանը։ Դա է իրավական ճանապարհը, դրա համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։ Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում Հայաստանի քաղաքական ներկապնակը։ ԱԺ-ն ի զորու չէ դիմագրավել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Մենք ամենօրյա ռեժիմով հանդիպում եւ շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք խորը հիասթափությունը։ Մեկ քայլով արդյունքի չենք հասնի, անհրաժեշտ են հետեւողական գործողություններ», նշել է Ի․Սաղաթելյանը։

Հանրապետական կուսակցության հետ, ըստ դաշնակցական գործչի, համագործակցության հարց չի քննարկվում։

«Հնի ու նորի, սեւի ու սպիտակի բաժանումը տեխնոլոգիա է։ Այս իշխանությունը արդեն հին է, շատ շուտով դառնալու է անցյալ։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մենք իշխանության մեջ ենք եղել 2 տարի 8 ամիս, այս իշխանությունն արդեն 2,5 տարի ունի բացարձակ իշխանություն եւ ոչ մի իրական բարեփոխում չի արել։ Սխալ է առաջնորդվել հինունորի կարգախոսներով։ Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ժողովներից մեկի ժամանակ ասաց, թե վախենում է նոր Հայաստան արտահայտությունից, որովհետեւ մենք միշտ նոր ենք ասել այն շրջաններին, որոնք կորցրել ենք՝ Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր եւ այլն։ Այսինքն այդ բաժանումը՝ հնի եւ նորի, կեղծ օրակարգ է եւ այլեւս չի աշխատում։ Կան կարողներ եւ անկարողներ, կան ազգայիններ ու ապազգայիններ։ Նախկին՝ արատավոր բարքերին, իհարկե, վերադարձ չկա», ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթունյանն իր հանդեպ կուտակած բացասական վերաբերմունքով ոչ թե առանձնանում է այսօրվա իշխանությունից, այլ մարմնավորում է այն։

«Անցած տարվա նոյեմբերից ՀՅԴ երիտասարդական թեւը պահանջում է նրա հրաժարականը։ Մեր խնդիրը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունն է, իսկ Սահմանադրությամբ ոլորտի պատասխանուն նախարարն է։ Կառավարությունը կցկտուր ասել է, թե այն նաեւ իր ռազմավարությունն է։ Երբ ամբողջական պատկերը պարզ կլինի, մեր գործողությունները կորոշենք եւ կիրականացնենք», ասել է նա։ 

Երեկվա ասուլիսում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ի դեմ քրեական գործերի արկղերը պատրաստելը ժամերի հարց է, Իշխան Սաղաթելյանը հակադարձել է․ թող որեւէ մեկը չփորձի ՀՅԴ-ին վախեցնել քրեական հետապնդումով կամ հետը խոսի շանտաժի լեզվով։

«Այնպիսի տպավորություն է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է եւ հիմա 1994 թիվն է։ Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Եթե իրենք մեր քաղաքական քննադատությանը պատասխանում են քրեական գործերով, որոնք գոյություն չունեն, պատասխանը լինելու է շատ խիստ եւ կտրուկ, Դաշնակցությունը երեկ ստեղծված կուսակցությունը չէ։ Չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե ով պետք է լինի ընդդիմություն եւ ով քննադատի։ Առաջին հանրահավաքը շատ չի ուշանա, միասին համաձայնեցնելուց հետո կհայտարարենք այդ մասին», ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։