Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է

Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն

իվետա

Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆռեյսբուքյան գրառումը վերաբերվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

«Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք գրառման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն:

Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Գագիկ Ծառուկյանն իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: