Ի՞նչ անի՝ տունը ծախի, որ մաքսազերծի՞. շատերը, ախր, տուն էլ չունեն, վարձով են ապրում

Առևտուր չի լինելու, սկսելու են այդ դեպքում «մինուսով» աշխատել

ակցիա

Հագուստ ներկրող տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Նրանք շարունակում են պնդել՝ մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել: Նրանց խոսքով՝ սրանով պայմանավորված, արդեն իրենք են ստիպված լինելու ապրանքները ավելի բարձր գնով վաճառել, առևտուր չի լինելու, սկսելու են այդ դեպքում «մինուսով» աշխատել։

Օրերս նրանք հանդիպել էին նաեւ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին, բայց հանդիպումը առևտրականներին չի գոհացրել, ավելին՝ Ներսիսյանի այն միտքը, թե բնական  է,որ տնտեսվարողները գների փոփոխությունները լայն ժպիտով չէին ընդունելու ,առևտրականներին ավելի է վրդովվեցրել։«Մեզ հստակ ոչինչ այդպես էլ չասեցին։ Մենք էլ ասեցինք՝ երկուշաբթի նորից բոլորով հավաքվելու ենք ու, տեսնում եք, հավաքվել ենք։ Մենք այդ գներով մաքսազերծում չենք անելու։ Սա ուղղակի տանում է կործանման, որովհետև հաստատ գոնե ազգի մոտ 30 տոկոսը առևտրով է զբաղվում, չեմ ուզում ասել բիզնես, որովհետև սա բիզնես չի, մեզ չեն թողնում աճենք։

Մենք այս մեր խավով խորհուրդ ունենք, որ կառավարությունը ցանկացած փոփոխություն անելուց, թեկուզ գին իջեցնելուց, մեզ նախապես տեղյակ պահի և տեղյակ պահի վեցից մեկ տարի առաջ։ Հիմա էս պահին սեզոնը արդեն անցնում է, ապրանքը եկել է, գտնվում է մաքսատանը, բայց քաղաքացին չի կարում հանի ապրանքը, չի էլ կարա հանի, ի՞նչ անի, տանի տունը ծախի, որ մաքսազերծի, շատերը ախր տուն էլ չունեն, վարձով են ապրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Աղբյուրը՝ hraparak.am