Դեռևս խորհրդային տարիներից փող աշխատող մարդը համարվում էր օրինախախտ, սպեկուլյանտ, այդ ընկալումը շարունակվեց նաև անկախության շրջանում, երբ հայտնի գործարարները զարտուղի ճանապարհով հարստացածներն էին, իսկ հազարավոր աշխատատեղեր ստեղծած գործարարները չէին խրախուսվում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել գործարար Վահան Քերոբյանը, փոխանցում է Tert.am-ը:
«Վարչապետը փորձում է խրախուսել գործարարությունը, բայց գործարարին դեռևս ընկալում են որպես հավանական հանցագործի, որը խուսափում է հարկերից: Կան անարդար ճանապարհով հարստացածներ, և մյուս բոլորը հավասարեցվել են նրանց: Ի վերջո, գործարարներն առաջ են մղում տնտեսությունը, նպաստում են երկրի զարգացմանը, նրանք անքուն գիշերներ են անցկացնում, ռիսկի տակ են դնում իրենց ունեցվածքն ու համբավը»,- ասել է գործարար:
Ըստ Քերոբյանի՝ կառավարության հակաճգնաժամային գործողությունների հարցում որևէ լուրջ բան չի արվել, և տնտեսական կարևորագույն ցուցանիշները նկատի ունենալով՝ իրավիճակը շատ ծանր է. «Այսօր գնանկում է, բնակչությունն արագորեն աղքատանում է, մարդկանց ունեցած փողը մեծ տեմպերով նվազում է, դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է պետք: Բացի այդ, պետք է սպառումը խթանել, ՀՆԱ-յի մեջ սպառումն ամենաշատն է տուժել, բայց աջակցության տասնյակ ծրագրերից որևէ մեկը չի վերաբերում սպառման խթանմանը»:
Գործարարի կարծիքով՝ կառավարությունը պետք է առաջնահերթություն համարի բարձր արտադրողականությամբ, քաղաքակիրթ պայմաններով աշխատատեղերի ստեղծումը, օրինակ՝ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց առաջարկի նոր աշխատանք. «Երևանի ավագանին փորձում է նոսրացնել փողոցային առևտրականների շարքերը, բայց գլոբալ խնդիրը մեր տնտեսությունը վերակառուցելն ու բարձրտեխնոլոգիական աշխատատեղեր ստեղծելն է: Ստեղծված արդյունքը պետք է համեմատելի լինի առաջատար երկրների հետ»:
Վահան Քերոբյանի պնդմամբ՝ տպավորություն է, թե կառավարությունը փորձում է քաղցկեղով հիվանդ տնտեսությունը բուժել մի բաժակ թեյով. «ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իրենց տնտեսությանը ցուցաբերվող օժդանակությունը հասցրին մինչև 25 տոկոսի, մեր դեպքում գործուն օգնությունն ընդամենը տնտեսության մեկ տոկոսի չափ էր: Բանկերի վարկային հետաձգումները կառավարության օգնությունը չեն: Պետք էր միացնել փող տպելու մեքենան: Մեր շուրջը գտնվող բոլոր երկրներում ազգային արժույթներն արժեզրկվել են, և ավելացած փողը մեղմել է տնտեսական անկման չափը»:
Գործարարի պնդմամբ՝ տարին կփակենք առնվազն 8 տոկոս տնտեսական անկմամբ, կառավարությունը հրաշալի գիտեր այդ մասին դեռևս մարտ ամսին, երբ դա էին ահազանգում գործարարներն ու տնտեսագետները: «Կառավարությունում կարծում էին՝ միգուցե կխուսափեն ճգնաժամից, եթե ժլատ լինեն և քիչ օգնեն բիզնեսին: Այս մակերեսային մոտեցմամբ մենք միայն խորացնում ենք տնտեսական անկումը: Որքան շատ կառավարությունը լսի բիզնեսին, այդքան ավելի արդյունավետ կգործի: Բիզնեսմեններն ագահ մարդիկ չեն, նրանց իդեա-ֆիքսը ոչ թե փողն է, այլ աշխարհը փոխելն ու բարիք ստեղծելը»,- ամփոփել է գործարարը:
0Comments