Ո՞ւմ կյանքն է բարելավվել Նոր Հայաստանում. հեղափոխականներից՝ գործարարներ

Ստացվում է՝ կամ Փաշինյանը տեղյակ չէ, որ իր հարազատ ֆրակցիայում և կուսակցության ներսում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ են հանգրվանել, կամ էլ հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը՝

իմ քայլը

Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ Նոր Հայաստանում չեն կարող լինել գործարար պաշտոնյաներ, իրականությունը այսօր այլ է: Իհարկե, նույն ՀՀԿ-ն Փաշինյանի քննադատության տակ էր հայտնվում այն պատճառով, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, ազգ ու տակով բիզնեսմեններ էին, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է առանձնացվեն իրարից: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը մոռացավ այդ սկզբունքի իմպլեմենտացիայի մասին, և այժմ հենց իր կադրերը կամ իր կողմից նշանակված պաշտոնյաներն են լծվել գործարարությանը:

Դիցուք, բերենք մի քանի օրինակներ, որ Նոր Հայաստանում էլ կարելի է գտնել գործարար պաշտոնյաների: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը հեղափոխությունից հետո դարձել է նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրեն։ Տեղեկատվությունը կարելի է գտնել նաև «Սփյուռ» տեղեկատվական համակարգում։ Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։ Առհասարակ, հարկայինում, հարկայինի աշխատակիցների մոտ ընդունված է հաշվապահական ընկերություններ բացել և իրենց ընկերություններով տնտեսվարողների հարցերը լուծել հարկայինի հետ, որ համ գայլերը կուշտ լինեն, համ գառները ողջ մնան։ Նման հաշվապահական ընկերություն ուներ նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

Մեկ այլ օրինակ է «Իմ քայլ»-ի պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Աժ-ում զբաղվում է միայն ու միայն իր բիզնեսի շահերի լոբբինգով, իսկ այդ բիզնես շահերը վերաբերվում են ռազմաարդյունաբերության ոլորտին:

Իհարկե, վերոնշյալ բիզնեսների եկամտաբերության հետ չես համեմատի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բիզնեսը՝ շաուրմայանոցը և Լոռու մարզպետի ատամնաբուժական կլինիկան, որոնք հեղափոխությունից հետո ծաղկում են:

Վերջին ամիսներին շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության՝ «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է նոր հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ էլեկտրոնային ռեգիստրի՝ «Յունիսերվ» ՍՊԸ-ն անցած տարվա նոյեմբերի 1-ին հիմնադրվել է Արա Գաբրիելյանի կողմից։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ դարձել է «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարգրից տեղեկանում ենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 7 մլն դրամ և 5000 դոլար, իսկ ահա տարեկան հայտարարագրում կտրուկ բարձրացել են նրա դրամական միջոցները։ Նրա դրամային միջոցները հասել են 16 մլն դրամի, իսկ դոլարայինը 60 հազար դոլարի։ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Հայկ Սարգսյանը պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նաև լուրջ հաջողությունների է հասել բիզնեսում։ Պաշտոնը ստանձնելիս եկամուտները, որոնք նա ստացել է բիզնեսից, կազմել է 3 մլն 723 հազար դրամ, իսկ ահա պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նրա բիզնեսը սկսել է հնգապատիկ ավել եկամուտ ապահովել և կազմել է ավելի քան 17 մլն դրամ։


Պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Հանրային Հաղորդակցություն Լաբորատորիա» ՍՊԸ-ի 33 տոկոս բաժնետերն է :

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Բաբկեն Թունյանը, ըստ պետական ռեգիստրի, հանդիսանում է «Բեվիտ» ՍՊԸ սեփականատերերից մեկը:

 
Ավագանու անդամ Ալեքսանդր Ավետիսյանը՝ «ՌԷՄ գովազդային գործակալություն» ՍՊԸ-ի 19%-ի և «Նախընտրական տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերն է:

Ստացվում է՝ կամ Փաշինյանը տեղյակ չէ, որ իր հարազատ ֆրակցիայում և կուսակցության ներսում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ են հանգրվանել, կամ էլ հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը՝ փորձելով որակական տարբերություններ մատնանշել իր քաղաքական թիմի և նախկինների միջև, մինչդեռ այդ տարբերությունները, կարծես թե, գնալով մինիմումի են հասցվում…

lurer.com