Նրանք, ովքեր չեն ծառայում Հայաստանին և շարունակում են դրսից պատվեր կատարել, իրավունք չունեն մնալ իշխանության, պետք է հեռանան

Հասարակության մեջ պառակտում թույլ տալ չի կարելի

 

գևորգ

Նրանք, ովքեր չեն ծառայում Հայաստանին եւ շարունակում են դրսից պատվեր կատարել, իրավունք չունեն մնալ իշխանության, նրանք պետք է հեռանան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գեւորգ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հայկական ազգային արժեքների եւ պետականության համար պայքարն անհնար է առանց «գլխի» դեմ քաղաքական պայքարի: «Արդեն երկու տարի է՝ փորձում ենք բացել հասարակության աչքերը եւ ցույց տալ արտաքին ուժերի գործողությունները՝ ուղղված մեր պետության դեմ: Այսօր մենք շատ ժամանակ չունենք, եւ վաղը ամեն ինչ կարող ենք կորցնել: 90-ականների սկզբին մեզ անվանում էին ահաբեկիչներ, 90-ականների կեսերին՝ արդեն հերոսներ: Այսօր մեր մասին մոռացել են: Կոչ եմ անում համաքաղաքացիներին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի եւ սերունդների ապագայի համար: Իմ բոլոր մարտական ընկերները կիսում են այդ հայացքները, մեր շարքերը համալրվում են ամեն վայրկյան»,-ասաց Գեւորգյանը:

Նա վստահեցրեց, որ պայքար է տարվում ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ազգային արժեքների, ժողովրդի ու պետության:

«Հասարակության մեջ պառակտում թույլ տալ չի կարելի: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, մենք թշնամիներ չունենք, մենք պայքարում ենք արտաքին հակառակորդի դեմ, որը սպառնում է ներսից պառակտել հասարակությունը»,-եզրափակեց Գեւորգյանը: