Հաղթանակները օդից չեն ընկնում. Փաշինյանի ելույթը Տավուշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մենք կարող ենք անել արձանագրումներ մի քանի անգամ կրկնելով «աննախադեպ» բառը

նիկոլ

Օգոստոսի 28-ին, Սարդարապատում, մենք մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն էինք մատուցում մեր զինվորականներին՝ հուլիսյան հաղթական մարտերի առիթով։ Այսօրվա մեր այցը, որն ամփոփվում է այսպիսի մի աննախադեպ համերգով, ի դեպ, մերազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բերդում չի եղել, եւ մարդիկ նույնիսկ չկարողացան հիշել, թե երբ է Բերդում դասական համերգ եղել, եւ այսօրվա միջոցառումները նվիրված են Տավուշի հերոական ժողովրդին, Բերդի տարածաշրջանի մեր հերոսական ժողովրդին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, նաեւ ամփոփել Տավուշի սահմանամերձ համայքներ կատարած այցը։

«Հուլիսյան մեր հաղթանակը կերտել են մեր զինված ուժերը, մեր բանակը, բայց նրանց համար ամուր թիկունք է եղել Բերդի, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը։ Այսօր մենք կարող ենք անել արձանագրումներ մի քանի անգամ կրկնելով «աննախադեպ» բառը․ ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակները օդից չեն ընկնում, այլ ինչ-որ մի հավաքականության, հետեւողականության արդյունք են», ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այսօր եղել է մի քանի սահմանամերձ համայնքում, որտեղ կառուցվում են ճանապարհներ, տներ, տանիքներ, զբոսայգի։

«Չինարիում՝ մեր սահմանապահ համայնքում, ՀՀ անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել, այսօր Չինարիում զրոյից կառուցվում է տուն 10 հոգանոց բազմազավակ ընտանիքի համար, այն կավարտվի մինչեւ տարեվերջ, ընդ որում, լիարժեք կահավորված։ Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, այսօր ունի ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ։ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը անկախության շրջանում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը տարածաշրջանի կենտրոնին կապում է ժամանակակից ճանապարհը, մինչեւ տարեվերջ համայնքում կունենանք նոր զբոսայգի, որը կոչելու ենք մայրիկների ու զավակների զբոսայգի։ Այն կփոխի գյուղի ներքին մթնոլորտը։ Այգեպարը երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, այսօր բոլոր փողոցներն ասֆալտապատ են, նորոգվում են հրետակոծությունից վնասված տանքիները։ Այսօր մտածում էի Այգեպարի տանիքների մասին․․․ Ի՞նչ է տեսնում առաջնագծում կանգնած զինվորը ետ նայելիս, նա տեսնում է գյուղի տանիքները։ Նրանք պետք է տեսնեն զարգացող ու ապագայի նկատմամբ վճռականություն տեսնող թիկունք, մշակույթով ապրող թիկունք։ Այսօր մեր համերգը խորագրված է «Մշակույթը․ թիկունք»։ Այն արտահայտում է մեր բնակավայրերի զարգացման տեսլականը։ Մենք ուզում ենք, որ այսպիսի համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսով, այլեւ տոմսարկղեր լինեն մեր համայնքներում, մարդիկ էլ լինեն վճարունակ ու հերթ կանգնեն դասական երաժշտության համերգների համար։ Այս համերգով մենք ձեւակերպում ենք մեր հայրենիքի, մեր մարզի, սահմանապահ համայնքի զարգացման ռազմավարության տեսլականը։ Բերդ համայնքի սիրելի հայրենակիցներ, այյսօր եկել ենք ձեզ ասելու՝ շնորհակալություն, որ ամուր պահում եք բանակի թիկունքը, ամուր պահում եք հոգեբանական սահմանը։ 2015 թվականին ես որպես պատգամավոր սահմանային իրավիճակի սրացման ժամանակ այցելել էի Այգեպար, տներից մեկում այսպիսի մի նախադասություն լսեցի, հիշում եմ այդ մարդու անունը, նրան Գովեն ամի էին ասում, ես նրան ասացի՝ սա Հայաստանի վերջին տունն է, նա ինձ ուղղեց, ասաց՝ ոչ, սա Հայաստանի առաին տունն է։ Եվ մենք եկել ենք ասելու, որ Այգեպարի բնակչի այդ միտքը դարձել է պետական քաղաքականություն։ Եվ այդ քաղաքականությունն իրականացվելու է հետեւողականորեն։ Եվ ուրեմն, շնորհակալ եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, որ այսօր այս գեղեցիկ տոնը պարգեւում է մեզ բոլորից», նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։