Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ «Пул Первого» թելեգրամյան ալիքը հրապարակել է «Բեռլինի և Վարշավայի գաղտնալսված զրույցի» ձայնագրությունը, որում խոսվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ միջադեպը Արևմուտքի դիվանագիտական ռազմավարության մեջ օգտագործելու մասին, հայտնում է tert.am-ը։
Ձայնագրությունը հրապարակվել է ռուսերեն լեզվով։ Դրանում զրուցակիցները, որոնք միմյանց Նիք և Մայք են անվանում, խոսում են այն մասին, որ իրականում կարևոր չէ՝ արդյոք Նավալնին թունավորվել է, թե ոչ, բայց այդ գործը կարելի է օգտագործել Բելառուսի վրա ռուսական ազդեցությունը թուլացնելու համար։
Ձայնագրության մեջ Բեռլինի ներկայացուցիչը հայտնում է, որ «Նավալնիի վերաբերյալ նյութերը պատրաստ են և կփոխանցվեն կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմին»։
Ի պատասխան՝ Վարշավայի ներկայացուցիչը հարցնում է՝ արդյոք Նավալնիի մոտ թունավորում է հաստատվել, ինչին զրուցակիցը պատասխանում է, որ դա այդքան էլ կարևոր չէ։
«Պատերազմ է ընթանում։ Իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդները լավ են»,- ասում է նա։
Զրուցակիցները համաձայնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է դադարի քիթը մտցնել Բելառուսի գործերի մեջ» և դա անելու ամենաարդյունավետ միջոցը «նրան խնդիրների մեջ խեղդելն է»։
0Comments