ԲՀԿ-ն գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ․ Մակունց

Կառավարությունը կսահմանի, թե սահմանափակումներն ինչ խստությամբ ու ռեժիմով կգործեն

1

Ես կարծում եմ՝ ինչպես 2015թ.-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր նույն իրավիճակն է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք անցկացնելու մասին, որի հիմնական թեման լինելու են կրթական ոլորտի խնդիրները:

«ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ, և ինչպես 2015-ին տեղի ունեցավ, արդյունքը կանխատեսելի է բավականին»,- նշեց Մակունցը և հարցին՝ ո՞ր ուժերի ազդեցության տակ է գտնվում ԲՀԿ-ն, Մակունցն արձագանքեց՝ տարբեր:

Անդրադառնալով արտակարգ դրության ավարտին՝ Մակունցը նշեց, թե արտակարգ դրությունը վերանում է, արտակարգ իրավիճակի ռեժիմ պետք է գործի: Նրա խոսքով՝ թեև վարակվածների թիվը նվազում է, բայց դեռևս բավականաչափ թվով վարակվածներ կան, իսկ թե սահմանափակումներն ինչ խստությամբ ու ռեժիմով կգործեն, Կառավարությունը կսահմանի:

«Քանի որ, այնուամենայնիվ, համաճարակի տեմպը դեռևս այն մակարդակի չէ, որով մենք հնարավորություն ունենանք ընդհանարապես վերացնել բոլոր սահմանափակումները, անհրաժեշտ են որոշակի օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողության տակ պահել, մասնավորապես՝ դիմակների կրման և մնացյալ կանոնների կարգավորումների հետ կապված»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը հայտարարում էին, որ արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ ուներ, Մակունցն արձագանքեց, թե բոլորովին անտեղի է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները որևէ կերպ կապել քաղաքական գործընթացների հետ:

«Ընդդիմադիր քաղաքական ուժերը ունեն նաև այլ հարթակներ և հնարավորություններ այս պահին իրենց խոսքը հանրությանը հասանելի դարձնելու, դիտարկումները, քննարկումները հնչեցնելու: Ընդ որում, խորհրդարանական ընդդիմմադիր ուժերն իրենց խոսքը հնչեցնելու հնարավորություն ունեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճից, մամուլի միջոցով, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկն էլ ունի ունի հեռուսատատեսություն, որի միջոցով կարողանում է իր ուղերձները հղել, կազմակերպել բանավեճեր, քննարկումներ: Հետևաբար, այս սահմանափակումները, որոնք միտված են բացառապես մեր քաղաքացիների, բնակչության առողջության պահպանմանը և կյանքի իրավունքի ապահովմանը, որևէ կերպ չեն առնչվում դրան»,-նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ՍԴ դատավորի ընտրությունը կլինի ԱԺ արտահե՞րթ, թե՞ հերթական նիստում, Մակունցը պատասխանեց, որ «Իմ քայլը» դեռևս տեղեկություն չունի այդ առումով արտահերթ նիստի վերաբերյալ, բայց ենթադրում են, որ կլինի հերթական նիստին:

Դիտարկմանը, թե քանի որ ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին ԱԺ-ն մեկ անգամ մերժել է, երկրորդ անգամ նրա թեկնածությունն առաջադրելուն «Իմ քայլը» ինչպե՞ս է վերաբերվում, և արդյոք կա՞որոշում՝թեկնածուների օգտին խմբակցությունը մե՞կ դիրքորոշում է հայտնելու, թե՞ հնարավորություն է տրվելու անկախ քվեարկել, պատգամավորը պատասխանեց. «Մենք, անկեղծ ասած, չգիտենք՝ ինչով է պայմանովորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունների արդյունքը, այնուամենայնիվ, մենք կլսենք թեկնածուին և գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»: