Արմավիրցիների թունավորման գործով օղու նմուշում մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն է հայտնաբերվել․ ՔԿ

Նախաքննությունը շարունակվում է

օղի

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի  3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեք անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահված 14 դեպք:

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:

Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: