Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գոռ Մալաքյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ կալանավորվել է Գոռ Մալաքյանի եղբայրը՝ Էդգար Մալաքյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանից:

Նա նշեց, որ դեռեւս տեղեկություն չունի, թե դատարանը երբ կհրապարակի որոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ կալանավորվել է Գոռ Մալաքյանի եղբայրը՝ Էդգար Մալաքյանը։

Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա եւ 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ եւ մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան եւ բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, եւ մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը եւ տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: