«Կարմիր թելը» նրա ազգանունն է. փաստաբանները՝ Կարեն Խաչատրյանի գործի մասին

Սա խտրական վերաբերմունք է Խաչատրյանների նկատմամբ, որը պարունակում է Կարեն Խաչատրյանի գործի մասով պատժի տարրեր, իսկ Գագիկ Խաչատրյանի՝ խոշտանգման. Մակինյան

գագիկ

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերայլ որոշումը։ Այդ առնչությամբ Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել։

«Արդեն 12 ամիս ապօրինի կարգով կալանքի մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշեց դատաքննության ընթացքում եւս կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։

«Երեւակայությունս չի ներում հասկանալու համար, թե դատական ակտում ինչպես պետք է պատճառաբանվի, թե Կարեն Խաչատրյանը ինչու է շարունակաբար պահվում կալանքի տակ այն դեպքում, երբ որ նրան կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա»,- նշել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ նախաքննության ընթացքում Կարեն Խաչատրյանը երկու անգամ գտնվել է ազատության մեջ, թաքնվելու փորձ չի կատարել։ Բացի այդ, այնպիսի գործողություն չի կատարվել, որը կարող էր վկայել այն մասին, որ վարույթ իրականացնող մարմինները ռիսկեր են տեսնում այն մասով, որ դատավարության մասնակիցների վրա նա կարող է անօրինական ազդեցություն գործադրվել։

Մակինյանը նաեւ նշել է, որ սա խտրական վերաբերմունք է Խաչատրյանների նկատմամբ, որը պարունակում է Կարեն Խաչատրյանի գործի մասով պատժի տարրեր, իսկ Գագիկ Խաչատրյանի՝ խոշտանգման։

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Կարեն Խաչատրյանը, փաստաբանն ասել է, որ նշված մեղադրանքով ՀՀ-ում կալանքի տակ գտնվող միակ անձը Կարեն Խաչատրյանն է, եւ տեղեկացրել, որ 1 տարի է արդեն՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է առերեւույթ պետությանը պատճառած վնասը՝ 236 միլիոն դրամ։ Ըստ Մակինյանի, չկա դատական պրակտիկայում երկրորդ նման դեպքը, որտեղ անձին կմեղսագրվի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, ով այդ չափով վնաս հատուցած կլինի եւ շարունակաբար դատարաններին թյուրիմացության մեջ գցելով կպահվի կալանքի տակ։

Ըստ փաստաբանական խմբի, Կարեն Խաչատրյանի գործով «կարմիր թելը» նրա ազգանունն է»,- ասվում է հայտարարության մեջ։