Գյումրիի ռուսական ռազմաբազան թույլ է տալիս ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ընդհանուր շահեր ունեն. Զոհրաբ Մնացականյան

զոհրաբ մնացականյան

Գյումրիի ռուսական ռազմաբազան թույլ է տալիս ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

«Կան համապատասխան ձեւաչափեր եւ հարթակներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական հարցերը քննարկելու համար: Մանրամասներ չեմ հայտնի, դա ոլորտ է, որն ունի իր ձեւավորված հարթակը»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է նոր վարկի համար դիմել Ռուսաստանին, եւ երբ Հայաստանը պատրաստ կլինի մարել վարկը, որը տրվել է սպառազինություն եւ տեխնիկա գնելու համար:

Հստակեցնող հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է նոր մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ գնել, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Մենք մտադիր ենք անել ամեն ինչ՝ մեր երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար»:

Հարցին, թե արդյոք Երեւանը շահագրգռված է Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան պահպանելու հարցում, նախարարը պատասխանել է. «Հայաստանը տարածաշրջանում որեւէ մեկի համար սպառնալիք չէ: Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ընդհանուր շահեր ունեն, եւ հենց այդ փոխադարձ շահերի հիման վրա ենք մենք անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ հետապնդում, ռազմաբազան օգնում է հասնել այդ նպատակներին»: