Պուտինը և ես հասկանում ենք՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնենք. Լուկաշենկոն՝ ռուս ուժայիններից ռեզերվ ձևավորելու մասին 

Նրանց Բելառուսը պետք չէ. Բելառուսը ցատկահարթակ է դեպի Ռուսաստան...

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մինսկին հնարավոր օգնության նպատակով Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորելու մասին հայտարարությունը:

«Դուք երեկ լսեցիք մեր հարևանի և իմ լավ ընկերոջ հայտարարությունը: Դա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են պաշտպանել Բելառուսը: Լսե՛ք, մենք ինքներս կպաշտպանվենք: Բայց Ռուսաստանի նախագահը և ես հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք հապաղենք»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ նրա՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «կորոշվեն ոչ մեր հարցերը»:

«Նրանց Բելառուսը պետք չէ: Բելառուսը ցատկահարթակ է դեպի Ռուսաստան...Պետք է կոտրել այս իշխանությանը, բերել ուրիշների, որոնք կդիմեն օտար երկրի, որպեսզի զորք մտցնեն և աջակցություն ցույց տան: Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ նրանք կիրացնեն իրենց արտադրանքը»,- ասել է Լուկաշենկոն: