Գագիկ Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից. դատախազ

Փաստաբանի խոսքով՝ առկա է վատ վերաբերմունք, խոշտանգում, և դա բավարար հիմք է Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու համար

գագիկ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր քննության առավ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար, պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման  գործով մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսի 27-ին, իսկ օգոստոսի 30-ին դատարանը Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ որոշում էր կայացրել: Եվ մոտ մեկ տարի է՝ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է:

Այսօրվա դատական նիստում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց, թե Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու հարցում առկա են բազմաթիվ ցուցմունքներ, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի և Սեդրակ Առուստամյանի ցուցմունքները, կան հրամաններ, տեղեկանքներ, փորձագետի եզրակացություն:

«Քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Գագիկ Խաչատրյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով»,- ասաց դատախազ Սարգսյանը:

Ըստ դատախազի՝ այժմ քննությունից և վարույթն իրականացնող մարմնից  Գագիկ Խաչատրյանի  թաքնվելու հավանականությունը շատ մեծ է, կան նաև քրեական պատասխանատվությունից, հետագայում նաև՝ պատժից  խուսափելու հավանականություն. Սարգսյանն ասածը հիմնավորեց նրանով, որ Խաչատրյանի  երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, արդեն իսկ թաքնվել են քննությունից և գտնվում են հետախուզման մեջ:

«Կալանավորումը հիմնավոր է, և այն փոփոխելու հիմքեր չկան»,- պնդեց դատախազ Սարգսյանը:

Պաշտպանական կողմը, հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելով, դատարանում հիշեցրեց, որ դեռ 2019 թվականի փետրվարին Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել  Հայաստան, ներկայացել է  վարույթն իրականացնող մարմնին: Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ավելացրեց, որ 2019 թվականի մարտ-օգոստոս ամիսներին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Երեմ Սարգսյանը նաև անդրադարձավ այս մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին, մանրամասնորեն դատարանին տեղեկացրեց ողջ մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատյանի առողջության հարցի քննարկման համար ձևավորված փորձագիտական հանձնաժողովի ձևավորմանը, դրա աշխատանքներին, 2020 թվականի  հուլիսի 21-ին ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը  միջանկյալ միջոց կիրառելու մասին:

Երեմ Սարգսյանը նշեց, որ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության համար:  Փաստաբանի խոսքով՝ առկա է վատ վերաբերմունք, խոշտանգում, և դա բավարար հիմք է Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու համար:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին՝ Երեմ Սարգսյանն ասաց, թե մեղադրանքում չկա Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող գործողություն կամ անգործություն, որի կատարումը կամ չկատարումը հանգեցրել է մեղադրանքում նշված ծանր հետևանքներին: Սարգսյանի խոսքով՝ արարքն իրականացնելու մասով հիմնավոր կասկած առկա չէ:

Փաստաբանը միջնորդեց փոխել խափանման միջոցը, կիրառել այլընտրանքային խափանման միջոց, որ հնարավորություն տրվի Գագիկ Խաչատրյանին համապատասխան բուժում ստանալ: Սարգսյանի խոսքով՝ գրավը կարող է լինել այդ այլընտրանքային խափանման միջոցը:

Տեղեկացնենք նաև, որ այս միջնորդության քննության ընթացքում Գագիկ Խաչատրյանի պաշտպանները մեկ այլ միջնորդություն էլ  ներկայացրեցին դատարանին: Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը կալանավորման պայմանների ու հիմքերի առկայությունը և բացակայությունը հաստատված համարելու համար պարտավոր է ուսումնասիրել քրեական գործի ամբողջ նյութերը, ինչը տեղի չի ունեցել:

Անդրադառնալով  ապացույցներին, որոնք մեղադրող կողմը ներկայացնում է՝ որպես իրեղեն ապացույց, մինչդեռ   պաշտպանական կողմը դեռևս չի կարողացել ծանոթանալ դրանց,  Սարգսյանը նշեց.

«Առանց այդ խիստ էական, իրեղեն ապացույցներին ծանոթանալու՝ պաշտպանական կողմը չի կարող ամբողջությամբ պատկերացում կազմել քրեական գործի նյութերի, դրանցում առկա մեղադրող և արդարացնող ապացույցների և փաստական հանգամանքների վերաբերյալ, դրանց հիման վրա նախապատրաստել և իրականացնել պաշտպանությունը, այդ թվում՝ մեղադրյալների պաշտպանության նպատակով համապատասխան միջնորդություններ ներկայացնել»:

Ըստ փաստաբանի՝ 120 հատոր ծավալով ընդհանուր գործից Գագիկ և Կարեն Խարատրյաններին առնչվող 37 հատոր ծավալով գործի առանձնացումը ու գործի մյուս նյութերը չտրամադրելը ազդելու է գործի վարույթի օբյեկտիվության վրա:

«Ամբաստանյալների արդար դատաքննության պաշտպանության իրավունքի, ինչպես նաև օրինականության, մրցակցության սկզբունքներն ապահովելու նպատակով դատարանին միջնորդում ենք մեղադրանքի կողմից պահանջել քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված և գործից առանձին ՀՀ ԱԱԾ-ում պահվող փաստաթղթերը, ինչպես նաև որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված լազերային սկավառակները, այդ թվում՝ աուդիո, վիդեո ֆայլերը, ծանոթանալ դրանց, ներկայացնել պաշտպանական կողմի ծանոթացմանը»,- ասաց Սարգսյանը:

Դատախազ Գևորգ Սարգսյանն էլ պնդեց, թե մեղադրյալներին առնչվող բոլոր փաստական տվյալները տրամադրվել են պաշտպանական կողմին, ու ըստ դատախազի՝ այս միջնորդությունը ներկայացնելով՝ պաշտպանական կողմը նպատակ ունի այսօրվա դատական նիստն ամեն կերպ հետաձգել:

Կողմերին լսելով՝ դատարանը որոշեց, որ ներկայացված միջնորդությունը ոչ թե անհիմն է, այլ ոչ ժամանակին արված միջնորդություն է, ուստի այդ հիմքով մերժեց միջնորդությունը: