Գագիկ Խաչատրյանը չի մասնակցում դատական նիստին. պատճառն առողջական վատ վիճակն է. ՈՒՂԻՂ

Նա դիմում է ուղարկել դատարան, որտեղ նշված է, որ ինքը չի կարող ներկայանալ դատական նիստին՝ ելնելով առողջական վատ վիճակից եւ համաձայնություն է տվել իր բացակայությամբ նիստն անցակացնել

գագիկ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ մեկնարկում է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։

Նիստը նախատեսված էր անցկացնել երեկ, բայց քանի որ Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել ներկա գտնվել դատական նիստին, այն նշանակվել էր այսօր։ 

Սակայն այսօրվա նիստին չեն ներկայացել ոչ Կարեն Խաչատրյանը, ոչ էլ Գագիկ Խաչատրյանը։ Վերջինս դիմում է ուղարկել դատարան, որտեղ նշված է, որ ինքը չի կարող ներկայանալ դատական նիստին՝ ելնելով առողջական վատ վիճակից եւ համաձայնություն է տվել իր բացակայությամբ նիստն անցակացնել։ 

Նախագահող դատավորը հարցրեց՝ ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ն դատավորին, մեղադրողն ասաց, որ ոչ, իսկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց՝ դա պարզելու համար մի քանի պարզաբանումներ են պետք։

Մասնավորապես, բացահայտի, թե ինչ կարգով  է որոշվել, որ միջնորդությունները պարբերաբար մակագրվեն դատավոր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Արթուր Մկրտչյանը, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, պատասխանեց, որ դատարանի նախագահը ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը, եւ այդ տրամաբանության մեջ, հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը, կատարվել են մակագրությունները։

Երեմ Սարգսյանը շարունակեց հարցադրումներ անել դատարանին․ «Ինչպե՞ս ստացվեց, որ բազմաթիվ դատավորներից դատարանի նախագահին մակագրվեց այս գործը, այն դեպքում, երբ դատարանի նախագահը սակավաթիվ գործեր է քննում»։