Լուկաշենկոն սև զրահաբաճկոնով և ավտոմատով․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մինսկում անցկացվող ընդդիմության ցույցի մասնակիցներից ոմանք հասել էին Անկախության պալատի մոտակայք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ՝ իր նստավայր, որի մոտակայքում կիրակի հավաքվել էին ցուցարարները: Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Пул первого Telegram-ալիքին:

Ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ ուղղաթիռից իջնում է Լուկաշենկոն՝ սև զրահաբաճկոնով և ավտոմատով: Այնուհետև ուղևորվում է նստավայրի կողմ և, ցույց տալով ցուցարարների հավաքման վայրը, ներկաներից մեկին հարցնում. «Այնտեղ մարդ չի մնացել, չէ՞»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում անցկացվող ընդդիմության ցույցի մասնակիցներից ոմանք հասել էին Անկախության պալատի մոտակայք: Նրանք հավաքվել էին պողոտայի լայնությամբ ուժայինների կամզած շղթայից տասնյակ մետրեր հեռավորությամբ: Մեկ ժամ անց նրանք հեռացել են նստավայրի մոտից:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ցույցեր են անցկացվում Մինսկում և Բելառուսի մի քանի այլ քաղաքներում՝ Բրեստում, Գրոդնոյում, Գոմելում, Լիդայում: Քաղաքացիները 14 օր շարունակ իրենց բողոքն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթել էր երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը: