Ալեքսեյ Նավալնիի վիճակը կայունացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժշկի խոսքով՝ Նավալնուն Մոսկվա տեղափոխելու մտադրություն դեռևս չկա

նավալնիյ

ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, որտեղ օգոստոսի 20-ին տեղափոխվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել վերջինիս վիճակը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, բժշկի խոսքով՝ Նավալնուն Մոսկվա տեղափոխելու մտադրություն դեռևս չունեն:

«Ներկա պահին մի քանի հեռավար բժշկական խորհրդակցություններ են իրականացվել դաշնային կենտրոնների, մեր երկրի առաջատար փորձագետների հետ: Նրանք բոլորը կարծում են, որ բոլոր բուժական և ախտորոշիչ միջոցառումները ճիշտ են կատարվել: Այն, որ մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակը, ստանալ այն կլինիկական պատկերը, որն ունենք, լավ նշան է: Նրան տեղափոխելու ծրագրեր չկան»,- ասել է Կալինիչենկոն:

նավալնիյ

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունն այսօր Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: