Անթույլատրելի է դաշնակցիդ մեղադրել պատերազմ հրահրելու մեջ, այսինքն՝ դավաճանության մեջ. Սերժ Սարգսյան

Գուցե այդ ռազմական գործողությունները տեւեցին 4 օր նաեւ այն պատճառով, որ ադրբեջանցիները համոզվեն՝ իրենք ի վիճակի չեն ռազմական ճանապարհով ԼՂՀ-ի խնդիրը լուծելու

սերժ

Կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանին հարց է ուղղվել՝ արդյոք ինքը շարունակո՞ւմ է ունենալ այն դիրքորոշումը, որ ՌԴ-ի իմացությամբ եւ թույլտվությամբ է ապրիլյան պատերազմը տեղի ունեցել, վարչապետը պատասխանել է, որ այն ինչը ասել է՝ մնում է նույնը, եւ ասել է, թե իր կարծիքի ու մտահոգությունների մասին քննարկում է ունեցել ՌԴ գործընկերների հետ ու ստացել է պատասխաններ։

Լրագրողի հարցին՝ ըստ Սերժ Սարգսյանի՝ ի՞նչ պատասխաններ են հնչել։

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ է տրվել եւ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ։ Ձեզ խնդրում եմ՝ հարցեր տալ հասցեատիրոջը»,- ասաց երրորդ նախագահը։

Անդրադառնալով հարցի բուն մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են. «Երբ մարդիկ չստուգված, վարկաբեկող տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ դա ունենում է շատ խորը հետեւանքներ։ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, այդպիսի հայտարարությունը նշանակում է՝ ուղղակի մեղադրել քո դաշնակցին՝ պատերազմ հրահրելու մեջ, այսինքն՝ դավաճանության մեջ. դա անթույլատրելի է։ Անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից»։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում փաստաղթուղթ է ստորագրվել, որով ՌԴ-ի ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ է վերցրել. «Մինչ այդ ՌԴ-ի բազան պատասխանատու էր ԱՊՀ արտաքին սահմանների համար։ 2010 թվականի ստորագրած պայմանագրով՝ արդեն իր վրա պատասխանատվություն վերցրեց նաեւ ՀՀ ողջ սահմանների երկայնքի համար։ Պատասխանատվություն վերցրեց նաեւ մեզ օժանդակելու, թարմացնելու մեր սպառազինությունը»։

Երրորդ նախագահն ասաց, որ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին ՌԴ-ից ստացել ենք 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն. «Երբ խոսքը գնում է ռազմատեխնիկական օժանդակության մասին, նշանակում է դրա համար չես վճարում։ Այսպիսի պարագաներում խոսել նրա մասին, թե ՌԴ-ի գիտությամբ ու հրահրմամբ է տեղի ունեցել ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ՝ ուղղակի սխալի արդյունք էր. չի կարելի այդպիսի հայտարարություններ անել։ Ես դրա վրա ծանրանում եմ ոչ թե նրա համար, որ այդպիսի հայտարարություններ անողներն այսօր իշխանության են, այլ ծանրանում եմ սրա վրա, որպեսզի ապագայում այդպիսի մոտեցումներ չթույլատրվեն»։

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ ունեցել է հատուկ վերաբերմունք. «Գիտեք, որ որեւէ մեկն այլ երկրներում «Իսկանդեր» չունի բացի Հայաստանից, սա դաշնակցի վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ։ Նաեւ «Իսկանդերի» առկայությունն է, որ 2016 թվականի ապրիլին լայնածավալ, խոշորամասշտաբ պատերազմ չեղավ, այլ եղան լայնածավալ ռազմական գործողություններ։ Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները այդ լայնածավալ ռազմական գործողությունները սկսեցին իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով։ Նրանց հրետանին հասանելի էր մեր մի քանի զինավանների մշտական տեղակայման վայրերին. ինչո՞ւ չօգտագործեցին, ակնհայտ է, որ «Իսկանդերի» հրթիռները հասնելու էին Բաքու։ Ձեզ համար տարօրինակ չէ՞, թե ինչո՞ւ Ադրբեջանը չօգտագործեց ռազմական ինքնաթիռներ, որովհետեւ այդ ինքնաթիռները հենց փորձում էին մոտենալ սահմանին, նրանք արդեն գտնվում էինք S300-ի թիրախում։ Իսկ S300-ները ստացել ենք ռազմատեխնիկական օժանդակություն»։

Երրորդ նախագահի կարծիքով՝ գուցե այդպիսի հարցադրման պատճառը եղել է այն, որ ռազմական գործողություններ տեւեցին մինչեւ ապրիլի 5-ը, եւ, գուցե շատերը կարծում էին, որ առաջին օրը ՌԴ կողմից պետք է դադարեցվեին այդ գործողությունները. «Իսկ դուք վստա՞հ եք, որ ՌԴ-ն հենց առաջին օրը կարող էր մի զանգով ասեր՝ ավարտեք։ Ադրբեջանը Ռուսաստանի ենթական չի։ Այո, Ռուսաստանն ունի բավական քաղաքական եւ այլ հնարավորություն՝ ինչ-որ բան պարտադրելու եւ ասելու։ Գուցե այդ ռազմական գործողությունները տեւեցին 4 օր նաեւ այն պատճառով, որ ադրբեջանցիները համոզվեն՝ իրենք ի վիճակի չեն ռազմական ճանապարհով ԼՂՀ-ի խնդիրը լուծելու»։