Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների. Սերժ Սարգսյան

Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի

սերժ

«Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով, երբ նա կարողանում է վիժեցնել հակառակորդի նպատակները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել որևէ կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը»,- հրավիրած ասուլիսում այսօր ասաց Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի: «Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում Ադրբեջանի գերնպատակը ռազմական ագրեսիայի միջոցով բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի հակամարտության կողմ լինելու փաստը, Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը: Մարտի դաշտում կրած անհաջողություններն Ադրբեջանին թույլ չտվեցին իրականացնել իրենց այդ նպատակը՝ հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։

«Բանակցություններում բեկում տեղի ունեցավ և դրանք սկսեցին ընթանալ այն օրակարգով, որը հայկական կողմը պնդում էր դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Սերժ Սարգսյանը: