Ու՞մ է այսօր ներելու Թրամփը

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօր ներում կշնորհի «շատ կարևոր մարդու»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի ներում կշնորհի «շատ կարևոր մարդու»՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը, գրում է The New York Post-ը։

Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի կստորագրի «չափազանց կարևոր անձի» ներման մասին հրամանագիրը, բայց դա չի լինի ո՛չ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, և ո՛չ էլ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ լրջորեն կուսումնասիրի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հարցը՝ խոստովանելով, որ լավ ծանոթ չէ նրա պատմությանը։
 
«Ես կուսումնասիրեմ դա: Այդքան էլ Սնոուդենի հետ կապված իրավիճակին ծանոթ չեմ, սակայն մանրամասնորեն կուսումնասիրեմ այն»,- ասել էր նա լրագրողներին:

Ինչպես նշել է Թրամփը, ամերիկյան հասարակությունում Սնոուդենին ներում շնորհելու հարցի շուրջ վերաբերմունքը տարբեր է: Շատերը համոզված են, որ նրա հետ անարդար են վարվել:

Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013 թվականին The Washington Post և The Guardian պարբերականներին էր փոխանցել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գաղտնալսման ծրագրերի մասին: