Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) ներկայացուցիչներն ի նշան ցուցարարների հետ համերաշխության վայր են իջեցրել պաշտպանական վահանները:
Ինչպես նշում է meduza.io կայքը, ցուցարարների հավաքվելուց հետո կառավարության շենքի դիմաց դուրս են եկել իրավապահ մարմինների աշխատակիցների նոր ջոկատներ, սակայն նրանք ագրեսիա չեն ցուցաբերում:
Ուժայինները հայտարարել են, որ մարդիկ կարող են ուզածի չափ կանգնած մնալ կառավարության շենքի մոտ և եթե սադրանքներ չլինեն, ապա ՕՄՕՆ-ն առաջինն ուժ չի կիրառի:
Մինչդեռ korrespondent.net-ը հայտնում է, որ Անկախության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել:
Նրանք պահանջում են չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքներն ու նախագահ ճանաչել ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային:
«Սվետա՝ նախագա՛հ»,-բղավում են նրանք:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:
0Comments