Նիկոլը խեղճացել է. փորձում է սրանցից զոռով «ընդդիմություն» սարքել

Նիկոլի համար կարևորն այն է, որ առաջին քայլն  անելով՝ ֆեյք ընդդիմություն ձևավորելով, նա է դառնում իրավիճակ կերտողը և փողոցը վերցնում է քաղաքական ընդդիմության ձեռքից

նիկոլ

Նիկոլն անճանաչելի է դարձել տավուշյան դեպքերից հետո։ Մանկլավիկները նրան հռչակում են Գերագույն գլխավոր, Նապոլեոն Բոնապարտի ու Վարդան Մամիկոնյանի արժանի հետնորդ, տավուշյան ճակատամարտերի միակ կազմակերպիչ ու կառավարիչ։ Նազիր-վեզիրները, իրենց հերթին, կրկին այս առիթով վատաբանում են նախկիններին՝ հայտարարելով, որ տավուշյան ճակատամարտերը հաղթեցինք և՛  շնորհիվ Նիկոլի օրոք ձեռք բերված գերժամանակակից զենքի, որ նախկինների ժամանակ չկար, և՛  նրա իմաստուն հրամանատարության շնորհիվ, որ նախկինների ժամանակ չկար, բայց նաև նոր մայկա-տրուսիկի, թարմացված սննդակարգի և ելակի, որի մասին նախկինների ժամանակ չէին էլ լսել։

Բայց Նիկոլի տրամադրությունը չի բացվում։ Իր ընկեր Լուկաշենկոյի ասած՝ լեզուն մի տեղն է մտցրել, ու նույնիսկ լայվեր չի անում։ Անհավես է պարետատան նիստերի ժամանակ, կառավարության նիստին էլ կառավարության ոչ կոռումպացված լինելը բացատրում է նրանով, որ չարակամները ղալաթ են արել՝ ինչ-որ միջին բան հավեսով «պապայի արև» ասելու ու դաժանաբար քֆուր դնելու միջև։ Չկա նախկին էնտուզիազմը, չկան «լավատեսություն ծծող շնաբարո դուրսպրծուկների» նման օպտիմիզմ ներարկող և պայքարի կոչող անմահ արտահայտությունները։

Նիկոլը խեղճացել է, ու զարմանալիորեն, այս ընկճված վիճակում ծայրահեղ պոպուլիզմին տուրք տալու փոխարեն, որը կկոնսոլիդացներ կորոնավիրուսից լխկած շարքերը, նա գնում է ծայրահեղ հակապոպուլիստական քայլերի՝ քանդում է Մաշտոցի պուրակը և փորձում է բացել Ամուլսարը, լուրջ ժամկետներով ուզում է բանտարկել «Սասնա ծռեր» անունով տեռորիստներին, շնորհավորում է հակաժողովրդական առաջնորդ Լուկաշենկոյին, որը ծեծուջարդի միջոցով է փորձում պահել իշխանությունը։

Սրանք քայլեր են, որ ներելի էին, նույնիսկ պարտադիր էին 2 տարի առաջվա Նիկոլի համար, երբ նա ուներ չափազանց բարձր համաժողովրդական օժանդակություն և վստահություն։ Այնժամ նա կարող էր ցանկացած հիմարություն անցկացնել՝ որպես հայոց ապագայի համար կարևորագույն  լուծում, ինչպես, օրինակ, հրապարակում Սիրիա ուղարկվող հայկական զորքի խիստ վտանգավոր ավանտյուրան ուռաների տակ  ներկայացրեց՝ որպես հայ-ռուսական հումանիտար համագործակցության բարձր մակարդակի առհավատչյա։ Բայց դա ներելի չէ այսօրվա Նիկոլի համար, ում ռեյտինգն արդեն մոտեցել է հատակին։ Նաև նա միամիտ կլիներ, որ ենթադրեր, թե կարող է այս հարցերում հենվել ասֆալտին փռող ոստիկանության և մանկահասակի առաջնորդած հատուկ ծառայությունների հավատարմության և խիզախության վրա։

Ակնհայտ է, որ վերջին հակապոպուլիստական քայլերով Նիկոլը հստակորեն իր դեմ է տրամադրում իր լոյալիստների կոնկրետ խմբերին․ Ամուլսարով՝ բնապահպաններին, տեռորիստների դատավարությամբ՝ նրանց կողմնակիցներին, Լուկաշենկոյով՝  սորոսական «լիբերալ-դեմոկրատներին»։ Սրանք բավականին մեծաթիվ ուժեր են, հենց այն զանգվածներն են, որով Նիկոլը եկավ իշխանության։ Դրանց դեմ դուրս գալով՝ նա զրկվում է հանրային ինստիտուցիոնալ օժանդակությունից, իր կոռումպացված ադմինիստրացիայով մեն-միայնակ է մնում Հայաստանի ժողովրդի դեմ։ Նկատենք նաև, որ խիստ կասկածելի է այդ քայլերի էֆեկտիվությունը հենց հիմա․ երբ Հայաստանն արդեն իսկ գտնվում է բազմաթիվ ապակայունացնող մարտահրավերների հանդիման, դրանց նորերն ավելացնելը խելամիտ քայլ չի կարող համարվել։

Եվ ուրեմն՝ ինչո՞վ կարող են պայմանավորված լինել նախկին դաշնակիցներին իր դեմ տրամադրելու այս քայլերը։ Տպավորություն կա, որ Նիկոլը փորձում է սրանցից զոռով «ընդդիմություն» սարքել, ովքեր «X»  պահին կարող են լցնել փողոցը և դառնալ Նիկոլի հրաժարականը պահանջող հիմնական ուժը։

Ժամանակը լավ է ընտրված․ մինչ քաղաքական ընդդիմությունն արձակուրդում է, կամ ներքին վիճաբանությունների մեջ է ֆորմատների ու լիդերների մասին, այս ֆեյք ընդդիմությունը կարող է լցնել փողոցը և այն երկար պահել իր ձեռքում։

Թիրախային խմբերը նույնպես լավ են ընտրված․ սրանք ունեն փողոցային պայքարի լավ փորձ, տիրապետում են մարտավարական հնարքներին։ Մյուս կողմից՝ Նիկոլը ենթադրում է, որ այս խմբերն իր բռում են, ինքը կարող է նրանց մանիպուլյացնել և անգամ «տեղիք տալ» պահանջներին՝ ի վերջո, Ամուլսարը դեռ չի բացվել, այլ միայն գնում է «սառը պատերազմ», տեռորիստների համար 9 տարի և ավելի ժամկետներ են պահանջել, սակայն անգամ չեն էլ կալանավորել, ու դատը կարող է դեռ շատ երկար շարունակվել, իսկ Լուկաշենկոյի պահով էլ կամ դա կբացատրի «ազգային շահերով», կամ կսպասի և բելառուսական կոնֆլիկտի այլ հանգուցալուծման դեպքում մյուսին էլ կշնորհավորի։

Անգամ, եթե այս խմբերը դուրս գան Նիկոլի վերհսկողության տակից և վերցնեն իշխանությունը, նրան մեծ սպառնալիք չկա պատասխանատվության տեսակետից․ սրանք բոլորն այս երկու տարվա գործողություններում Նիկոլի հանցակիցներն են եղել, և վատագույն դեպքում իրեն կուղարկեն պատվավոր հանգստի՝ առանց որևէ քրեական հետապնդման սպառնալիքի։

Նիկոլի համար կարևորն այն է, որ առաջին քայլն  անելով՝ ֆեյք ընդդիմություն ձևավորելով, նա է դառնում իրավիճակ կերտողը և փողոցը վերցնում է քաղաքական ընդդիմության ձեռքից։

Աղասի Ենոքյան

Աղբյուրը՝ 168.am