Էրդողանը կրկին քննադատել է «Ստամբուլյան կոնվենցիան»

«Ցանկացած կարգավորում, որը պայթուցիկ է դնում ընտանիքի հիմքում, ապօրինի է». Թուրքիայի նախագահ
Live24.am-ը ներկայացնում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 19-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է «Ստամբուլյան կոնվենցիային» («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»)` քննադատելով դրա դրույթները: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

«Ոչ մի հասկացություն, ոչ մի կարգավորում, ոչ մի գաղափարախոսություն, որը պայթուցիկ է դնում ընտանիքի հիմքում, չի կարող մարդասիրական կամ օրինական լինել: Մենք շարունակում ենք կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը մեր բազմակողմանի, թիրախավորված մոտեցումով: Մեր կանանց օգտին մենք շատ կանոններ ենք սահմանել, և չենք թողնի մի խումբ այլասերվածների և հերետիկոսների այդ թեմայով քննարկումները զենք դարձնել մեր արժեքների դեմ»,-ասել է թուրք առաջնորդը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել կանանց իրավունքները սեփական մոտեցումներով:

Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում: