Հացը` իբրև Աստծո պարգև

Ուստի անհրաժեշտ է չմնալ միայն նյութական հացի ստեղծման ու վայելման աստիճանի վրա, այլ պետք է այն դարձնել դեպի հավիտենական կյանք տվող հացին ձգտելու մեր տանջանքների ու մղումների սկզբնակետ և ուղենիշ
հավատ

Համաշխարհային պատմության թոհուբոհի հոլովույթում թևածող յուրաքանչյուր սրատես անհատ, նույնիսկ մակերեսային դիտարկման միջոցով, կարող է տեսնել, թե ինչպիսի կարևորություն ունի «հաց» կոչվող երևույթը ողջ մարդկության համար: Սա առավել ակնառու է մասնավորապես տառապած ու փառապանծ հայ ժողովրդի պարագայում, քանզի հենց մեր ժողովրդի մոտ են տարածված այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Հացը սրբություն է», «Հացի վրա երդվել» և այլն: Այստեղ անխուսափելիորեն պետք է նշել, որ միայն առաջին անհրաժեշտության սնունդ լինելու հանգամանքը չէ, որ հիմք է դարձել նմանատիպ ընկալման: Ուստի անհրաժեշտ է է՛լ ավելի խորամուխ լինել այս երևույթի մեջ և վեր հանել դրա իրական ու հիմնական հիմքերն ու դրանցից բխող օգուտները: Այս պարագայում ևս մեզ օգնության է հասնում «Թարգմանությունների Թագուհին»՝ Աստվածաշունչը, որով արդեն ավելի քան հազար յոթ հարյուր տարի է դաստիարակվում ու կրթվում է հայ ժողովուրդը, ձևավորվում է նրա ազգային ու հոգևոր յուրօրինակ դիմագիծն ու նկարագիրը: Աստծու կողմից մարդուն հացի տրման պատմությունը վերջինիս համար դառնում է մի անչափ հետաքրքիր՝ նախախնամված կյանքի ուղենիշ:

Մարդու արարումից և բերկրության դրախտում նրա բնակեցումից հետո Արարիչը պատվիրում է. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել» (Ծննդոց Բ 16): Այստեղ ակնառու է, որ մարդն սկզբնապես պետք է սնվեր պտուղներով և իր սնունդը հայթայթելու համար աշխատելու կարիք ամենևին չուներ: Արդեն մեղանչումից հետո պատժելով Ադամին` Աստված առաջին անգամ անուղղակի կերպով խոսում է հացի մասին ու ասում. «Քո երեսի քրտինքով կուտես հացդ» (Ծննդոց Գ 19): Շարունակելու համար մեզ անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր ու առանցքային կողմ, որը հիմնավորված է թե՛ Սուրբ Գրքով և թե՛ մարդու փորձով. հացն ինքնին բնության մեջ գոյություն չունի. այն ստեղծվում է բնության տված բարիքի և մարդու աշխատանքի միավորմամբ: Սա էլ ուղղակի տեսանելի է Ծննդոց գրքի Գ 19 համարում և ենթադրում է, որ մարդը հաց ունենալու համար պետք է տանջվի ու կքի հողի  տաժանակիր մշակության լծի տակ:

Հացի մասին մեկ այլ հայտնի պատմության ենք հանդիպում արդեն «Ելից» գրքում, երբ Իսրայելի ժողովուրդն արդեն դուրս էր եկել ստրկության տուն Եգիպտոսից և շարժվում էր դեպի Ավետյաց երկիր (տե՛ս Ելք ԺԲ-ԺԶ գլուխներ): Այստեղ էլ անապատային եղանակի, անդադար շարժերի և սննդամթերքի սղության պատճառով էր ժողովուրդը հայտնվել ծանր ու տևական տանջանքի մեջ: Սակայն Տերը տեսնում է Իր ժողովրդի կրած մեծ տառապանքները և այդ մեծությանն էլ գերազանցող պարգև՝ երկնքից թափվող մանանա է տալիս նրանց: Հաց, որին սաղմոսերգու Դավիթ թագավորն անվանում է «Երկնքի հաց և հրեշտակների հաց» (Սաղմոս ՀԷ 25): Այս ամենից հետո արդեն Նոր Կտակարանում հացի բազմացման հրաշքից հետո (տե՛ս Մատթեոս ԺԴ 13-21, Մարկոս Զ 30-44, Ղուկաս Թ 10-17, Հովհաննես Զ 1-15) տեսնում ենք իրեն փնտրող մարդկանց Հիսուսի կողմից տրված հետևյալ պատասխանը.

«Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար» (Հովհաննես Զ 27): Թե՛ առաջին և թե՛ երկրորդ դրվագներում մարդիկ կերան հացն ու զորացան, սակայն դա նրանց չփրկեց վախճանից ու հավիտենական կյանք չտվեց: Այստեղ հարց է առաջանում. իսկ ո՞րն է հավիտենական կյանք տվող հացը: Այս հարցին մի քանի նախադասություն հետո պատասխանում է հենց Փրկիչն` ասելով. «Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհաննես Զ 32-33), որին էլ այնուհետև հավելում է. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած» (Հովհաննես Զ 51) ու հորդորում. «Գնացեք աշխատեցե՛ք այն կերակրի համար, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ» (Հովհաննես Զ 27): Փրկչի կողմից այս Հացը տրվում է միայն և միայն անասելի չարչարանքների, խաչելության ու մահվան ճանապարհով: Այստեղ Քրիստոս Ինքն է տանջվում ու տառապում ամբողջ մարդկության փոխարեն և Իր երեսի քրտինքով մարդկության համար վաստակում է այն: Իսկ Մարդու Որդու կողմից տրվող Կենաց հացը ոչ այլ ինչ է, քան Իր Մարմինն ու Արյունը (հմմտ. Հովհաննես Զ 52), որը հավիտենական կյանք (հմմտ. Հովհաննես Զ 52), մեղքերի քավություն և թողություն է տալիս բոլոր ճաշակողներին (տե՛ս Մատթեոս ԻԶ 17-30, Մարկոս ԺԴ 12-26, Հովհաննես ԺԳ 21-30, Ա Կորնթացիներ ԺԱ 23-25): Ուստի անհրաժեշտ է չմնալ միայն նյութական հացի ստեղծման ու վայելման աստիճանի վրա, այլ պետք է այն դարձնել դեպի հավիտենական կյանք տվող հացին ձգտելու մեր տանջանքների ու մղումների սկզբնակետ և ուղենիշ:

Պատրաստեց` Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ