Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լիբանանի, Բելառուսի և Ուկրաինայի իրավիճակը

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մակրոնը կիսվել է Լիբանան կատարած այցի մասին տպավորություններով

ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են կորոնավիրուսը, Լիբանանի, Բելառուսի, Ուկրաինայի իրավիճակը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մակրոնը կիսվել է Լիբանան կատարած այցի մասին տպավորություններով:

Կարծիքներ են փոխանակվել Լիբանանում ներքաղաքական իրավիճակի շուրջ, ռուսական կողմը հայտնել է իր հակվածությունը հանրապետության ինքնիշխանության եւ ազգային միասնականության պահպանմանը: Հատկապես նշվել է բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության, առանց արտաքին միջամտության լուծելու կարեւորությունը:

Քննարկվել են նաեւ ներուկրաինական հակամարտության կարգավորման ասպեկտները, գնահատական է տրվել հուլիսի 22-ին Մինսկի կոնտակտային խմբի կողմից ստորագրված «հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումներին»:

ՌԴ նախագահը կրկին նշել է Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրով իր պարտավորությունների կատարման կարեւորության մասին:

Բացի այդ, քննարկվել է Բելառուսում տիրող իրավիճակը:

Երկկողմ օրակարգի համատեքստում նշվել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մարդասիրական ոլորտներում հարաբերությունները զարգացնելու գործում: Հատկապես նշվել է հետագա համագործակցության կարեւորությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում: