Բախումներ ցուցարարների և ուժայինների միջև. զինվորականները ցրում են Մինսկում հավաքված մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուժայինները փորձում են խանգարել մարդկանց մեծ թվով հավաքվել մեկ վայրում

Մինսկում ներքին զորքերի զինվորները ցրել են մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ հավաքված ցուցարարներին:

Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում է РИА Новости-ն, քաղաքի այս հատվածում նաև ձերբակալություններ են տեղի ունեցել: Գնալով մայրաքաղաքի կենտրոնում հավաքվածների թիվն աճում է: Ուժայինները փորձում են խանգարել մարդկանց մեծ թվով հավաքվել մեկ վայրում:

Զինվորականները զինված են ռետինե փամփուշտներով հրացաններով, լուսաձայնային նռնակներով, սակայն դեռ չեն կիրառել դրանք:

Մետրոյի կայարանը, ինչպես նաև հարակից խանութներն ու սրճարանները փակ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներքին զորքերի և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներ են մոտենում քաղաքի կենտրոնական շրջանին:  

Մինսկից բացի ցույցեր են տեղի ունենում նաև Բրեստ քաղաքում, որի կենտրոնում բախումներ են սկսվել ցուցարարների և ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների միջև:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ընդդիմադիրներից մեկը ցատկում պատնեշների վրայով: Ի պատասխան`ուժայինները մահակներ են գործածում:  

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել:

Նախագահական ընտրությունների արդյունքներով` հաղթող է դարձել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան` 10 տոկոսը: