ՕՄՕՆ-ի և ներքին զորքերի ստորաբաժանումները կուտակվում են Մինսկի կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բողոքի ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո

Մինսկի կենտրոն են ժամանում Բելառուսի Ներքին զորքերի և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Անկախության պողոտայով դեպի քաղաքի կենտրոն է շարժվում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների շարասյունը, հայտնում է tert.am-ը:

Անկախության հրապարակի շրջանում հատուկ ստորաբաժանումների ավտոբուսներ են կանգնած: Երթևեկությունը, սակայն, դեռ չի արգելափակվել: Մի քանի միավոր հատուկ տեխնիկա և ջրցան մեքենա է տեղակայվել «Մինսկը` հերոս-քաղաք» հուշակոթողի մոտ, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել:

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան մեկնել է Լիտվա և այնտեղից տեսաուղերձ հրապարակել` հորդորելով մարդկանց փողոց դուրս չգալ:

Նախագահական ընտրությունների արդյունքներով` հաղթող է դարձել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ Տիխանովսկայան` 10 տոկոսը: