Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան

Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը

Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ  իրականություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Սեւանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցածին եւ դրա արձագանքներին։

Բայց հիմա մտնում են ընտանիք, դա նշանակում է վախեցնել, ո՞ւմ վախեցնել, ի՞նձ վախեցնել, ես ինքս վախեցրել եմ ամբողջ կյանքում։ Ես իրենց ասել եմ՝ տղաներ, պատասխանատվության եք ենթարկվելու, եւ, երեւի, դրանից վախեցած, գնացել ասել են՝ մեքենան քշեց մեզ վրա, վրաերթի էր ենթարկում եւ այլն։

Թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, թող իրենց անարդարության համար ների, որովհետեւ երիտասարդ են, չգիտեմ ինչ են անում։ Եթե իմ ընտանիքը պաշտպանելու համար քաղաքական որոշումներ են կայացնում՝ ինձ ձերբակալելու, երեկ պետք է ձերբակալած լինեին»։ 

«Ուշանում է ձեր ձերբակալությունը»՝ մեկնաբանի դիտարկմանն արձագանքելով, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե խնդիրը ձերբակալման մեջ չէ, այն դուրս է եկել անձնական դաշտից։

«Ամեն ինչը դարձել է համահայկական, ամեն տեղ վախ, ամեն տեղ սարսափ, ամեն տեղ շանտաժ, զզվելի է դարձել այդ ամեն ինչը»։

«Եթե հեղափոխությունը որոշի ձեզ որպես զոհ մատուցել, դուք պատրա՞ստ եք դրան», մեկնաբանի այս հարցին ի պատասխան, նախկին ոստիկանապետն ասել է․

«Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել։ Ես այնքան մահ եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, ես հոգեբանորեն միշտ պատրաստ եմ ամեն ինչի, ավելի դաժան բաներ եմ տեսել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել․․․ Եվ չեմ պատրաստվում հանդուրժել, վաղը դուք կարող եք տեսնել դրոնը ձեր լուսամուտի առջեւ եւ կպարզեք, որ «Ազատությունն» ուզում էր իմանալ ինչ էիք անում դուք ներսում։

Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը։ Ես չեմ ասի՝ սթափվեք, գժուկնե՛ր, սա փոքր երկիր է, ես կասեմ՝ սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է։ Մարդիկ կան, որ վախենալուց խելոքանում են, մարդիկ էլ կան, որ վախեցնելուց, ավելի․․․», Վլադիմիր Գասպարյանը միտքը չի ավարտել։