Ոստիկանները հիմա օգտագործվում են․ Վլադիմիր Գասպարյան

Այն, ինչ փորձում են անել, դա հին փորձված մեթոդներ են․ Հայաստանում, դա չի աշխատելու

Ես զոհ չեմ լինի, եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել: Ես այնքան մահ եմ տեսել և այնքան բանի միջով եմ անցել, ես միշտ հոգեբանորեն ամեն ինչի պատրաստ եմ: Ես ավելի դաժան օրեր եմ անցել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել, երկիր եմ պահել, և չեմ պատրաստվում հանդուրժել, որ ներխուժեն ընտանիք. այսօր Para. Tv-ի հարցազրույցի ժամանակ նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք անհանգստություն զգում է, որ հեղափոխությունը կարող է կարիք ունենա իրեն զոհ մատուցի և ձերբակալի:

Նախկին ոստիկանապետը, անդրադառնալով երկու տարվա ընթացքում ոստիկանությունում կատարված փոփոխություններին, նշեց, որ տխրում է, որովհետև կար բարեփոխումների բավականին լավ ծրագիր, որի երկու փուլը անցկացվել է, իսկ երրորդ փուլը, որը պետք է 2018 թվականին իրականացվեր, չի հաջողվել.

«Իմ գնալուց ես իմ անձնակազմին խնդրել եմ երրորդ փուլը իրականացնել և այն, ինչ փորձում են անել, դա հին փորձված մեթոդներ են Վրաստանում, Ուկրաինայում, և շտամպը վերցնել օգտագործել Հայաստանում, դա չի աշխատելու՝ մենք մեր աշխարհագրական դիրքը ունենք և մեր մենտալիտետը`ռեֆորմները պետք է անել ելնելով դրանից»,-նշեց նա:

Լրագրողի հարցին՝ եթե համակարգում գործած մեղքեր ունի, ապա ինչո՞ւ է երկու տարի, առոք -փառոք շարունակում իր կյանքը, իսկ եթե՝ ոչ, ինչո՞ւ իր փորձը չի օգտագործվում, նախկին ոստիկանապետը նշեց.

«Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո ևս եկածները կոմպլեքսավորված անձնավորություններ էին , հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել:Եթե այն ժամանակ մարդ էին նշանակում ելնելով նրանից, որ, վաղը եթե քեզ ասենք գնա Գասպարյանի հետևից կգնա՞ս, թե չես գնա, դա տխուր է: Նույնիսկ դրանից ես չեմ վրդովվում, որովհետև խղճուկ մարդիկ են այդպես անում: Ես միշտ ասել, եմ`տղաներ, վայ էն ոստիկանությանը, որ զբաղվում է քաղաքականությունով, վայ էն քաղաքական կուսակցություններին, որ Ոստիկնանությանը, որպես  գործիք է օգտագործում, երկուսն էլ դատապարտված են»:

Հարցին, թե արդյո՞ք հիմա ոստիկանները օգտագործվում են, նա նշեց՝ կարծում եմ, այո:

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ հարցը պետք է լուծել այլ կերպ և չպետք է լուծել ուժային մեթոդներով.

«Օրեր առաջ սպայի օրն էր: Ես շնորհավորել եմ տղաներին և ավարտել եմ խոսքս, որ՝ պատիվ ունեմ ձեզանից մեկը լինելու և ես կարծում եմ, որ մենք պետական գործիչներ ենք, մենք քաղաքական գործիչներ չենք: Մենք պետությունն ենք պահում, մեզ քաղաքական խժդժումները չեն հետաքրքրում: Ես ունեցել եմ ընկերներ ընդդիմադիր կուսակցությունում, ունեցել եմ նաև թշնամիներ, չկամեցողներ գործող իշխանություններում: Ինձ Սերժ Սարգսյանի հետ հեշտ է եղել աշխատել, հեշտ ու դժվար: Հեշտ է եղել, որովհետև Սերժ Սարգսյանը համակարգը գիտեր, համակարգը բարձրացնելու և ցածրացնելու բոլոր ասպեկտները, և լավ եմ զգացել ինձ, որ թողել է ինքս որոշումներ կայացնեմ:

Դժվար էր, երբ ինչ որ տեղ ուզում էիր փափուկ ներկայացնել, ասում էր՝ երբ անարդարությանը, դու ներողամտությամբ ես մոտենում, այն կրկնվելու սովորություն ունի, մի արա: Միգուցե ես ավելի քրիստոնյա էի մոտենում, իսկ մեր նախագահը ավելի արդարամետ էր այդ հարցերում: Կրկնեմ դասականի խոսքը`այդ հարցում ինքը ճիշտ էր, ես՝ սխալ»,- եզրափակեց նա: