Վլադիմիր Գասպարյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել. Ոստիկանություն

«Ազատություն» ռադիոկայանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանում նկարահանումների ժամանակ սպառնացել, հայհոյել է իրենց, արգելել տեսանկարահանել Սևանի ափի իր առանձնատունը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` երեկ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել: Այս մասին Tert.am -ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանում նկարահանումների ժամանակ սպառնացել, հայհոյել է իրենց, արգելել տեսանկարահանել Սևանի ափի իր առանձնատունը։ Ավելի ուշ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, թե երեկ ցանկացել են ձերբակալել Վլադիմիր Գասպարյանին:

Ջանոյանը հավելեց՝ քրեական գործ է հարուցվել 164-րդ հոդվածի հատկանիշներով։

Նշենք, որ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Տվյալ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: