Այսօր Կատուների համաշխարհային օրն է

World Cat Day-ը նշվում է ամեն տարի օգոստոսի 8-ին՝ Animal Welfare Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ

կատու

Կատուների համաշխարհային օրը (World Cat Day) նշվում է ամեն տարի օգոստոսի 8-ին՝ Animal Welfare Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, ոչ միայն այս փափուկ կենդանիների մեծարման համար, այլեւ ուշադրություն հրավիրելով անօթեւան կատուների խնդրին:

Չէ՞ որ մոլորակի վրա քիչ մարդ կգտնվի, որ անտարբեր կմնա այս փափլիկ, շարժուն, քնքուշ եւ շատ խելացի կենդանիների հանդեպ: Նույնիսկ կատուների մասին գիտություն կա՝ ֆելինոլոգիա (լատիներեն՝ felinus – կատու եւ հունարեն՝ logos – գիտություն), որն ընդգծում է, որ կատուները միանգամայն խելացի են եւ օգտակար: Տնային կատուն (Felis catus) մտնում է կատվազգիների ընտանիքի մեջ, որում տարբերակվում է 2 ենթաընտանիք, 4 ցեղ եւ մոտ 36 տեսակ:

Տոնի մեղավորներին այս օրը հատկապես են մեծարում եւ ամեն կերպ երես տալիս՝ տարբեր տեսակի նրբահամ ուտելիքներ, նոր տնակներ եւ խաղալքիներ գնելով: Մի շարք երկրներում այս օրվա կապակցությամբ հատուկ այգիներ են բացվում՝ կատուների հետ զբոսնելու համար: Բացի այդ այստեղ բացվում են կատուների խանութներ, սրճարաններ եւ հյուրանոցներ, որտեղ որոշ ժամանակով կարելի է կենդանուն հարմարավետ վայրում թողնել: