Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի

Վնաս է հասցվել մայրաքաղաքում գործող բիզնեսի բոլոր ճյուղերին

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդում է լիբանանյան L'Orient-Le Jour թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության իր աղբյուրներին:

Ըստ այդմ, հաղորդվում է, որ վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 145 զոհի մասին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Կատարվածի հետևանքով տուժել են անգամ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող կառույցները: Վնաս է հասցվել մայրաքաղաքում գործող բիզնեսի բոլոր ճյուղերին:

Մայրաքաղաքում օգոստոսի 5-ին սգո օր էր հայտարարված, իսկ մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է սահմանվել:

Պայթյունի հետևանքով զոհերի թվում կան նաև հայեր, վերջին տվյալներով՝ նրանք վեցն են: Նրանցից հայտնի են հինգի անունները՝ Նազար Նաջարյան,   Ջեսիկա Բեզջյան,  Տելիա Փափազյան,  Ժակ Բարամաքյան,  Վարուժան  Թոսունյան։