Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել. քաղաքում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է սահմանվել

Վարչապետը նկատել է, որ կառավարությունն այս պահին ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կյանքները փրկելու և նավահանգստի շինությունների փլատակների տակից զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը արտակարգ դրություն կսահմանվի:

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, նման որոշում կայացվել է Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է երկրի նախագահ Միշել Աունի գլխավորությամբ:

Անվտանգության խորհրդի կողմից հատուկ հանձնաժողով է նաև ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի պատահարի հանգամանքները, իսկ դրանց վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա 5 օրերին ընթացքում:

Նիստի ընթացքում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Վարչապետը նկատել է, որ կառավարությունն այս պահին ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կյանքները փրկելու և նավահանգստի շինությունների փլատակների տակից զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ: