Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին:
Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, ավելի քան 70 մարդ է զոհվել, կա շուրջ 4000 վիրավոր:
Պայթյունի պատճառն, ըստ Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆամիի, պայթյունավտանգ ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) բռնկումն է եղել:
Միևնույն ժամանակ «Ալ-Մայադին» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:
0Comments