«Կանաչ ապագայի» անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ․ հայտարարություն

Այս մասին ասվում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ

Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին ասվում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի տարածքում խաղաղ ցույց իրականացնող շարժման անդմաներին:

Մենք արձանագրում ենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ, ինչի առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնում և իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ շարժման մասնակիցներին ազատ արձակելու և ոտնահարված իրավունքներն անհապաղ վերականգնելու համար»,- ասված է գրառման մեջ։