Փաշինյանի երեք հենակաստիլները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է քաղաքապետ Հայկ Մարությանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի տապալման ամբողջ պատասխանատվությունը
արայիկ հարությունյան

Կառավարության գործունեությունից դժգոհողների թիվն աճում ու աճում է: Մամուլի հրապարակումներից, հանրային տրամադրություններից դատելով կարելի է արձանագրել, որ ամենացածր վարկանիշ, բացասական իմիջ ունեցող պաշտոնյաները երեքն են՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայկ Մարությանը բացակա էր հենց քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո: Երեւանցին այդպես էչ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է, իսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում նա իրեն դրսեւորեց շարքային դասալիքի նման: Մարությանը գուցե այս ընթացքում բարելավում է իր եւ իր ընտանիքի, մտերիմների վիճակը, բայց դրանից տուժում է քաղաքը եւ երեւանցին: Նա այդպես էլ չկատարեց իր խոստումներից եւ ոչ մեկը, եթե չհաշվենք աղբահանության հետ կապված հարցը, որը ստեղծեց հենց ինքը, որ հետո ինքն էլ այն կարգավորի:

Արսեն Թորոսյանն իր գործունեությունը սկսեց սկանդալային քայլերով, որոշումներով, իսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում պարզապես տապալեց աշխատանքը, որը կյանքեր արժեցավ, բայց պահպանեց ցինիզմն ու մեծամտությունը: Իհարկե, շատ շուտով նա ստիպված է լինելու պատասխան տալ, թե Հայաստանում ինչու են այսքան շատ մահերի թիվը եւ ինչու տապալվեց պայքարը կորոնավիրուսային համավարակի դեմ: Ի վերջո մարդկանց կյանքերի հետ խաղալը ֆեյսբուքյան ցինիկ գրառումներ չեն, որ գուցե եւ արհամարհանքի մատնվեն: Կոնկրետ յուրաքանչյուր մահվան դեպքի համար Թորոսյանը պետք է պատասխան եւ բացատրություն տա:

Մեծամտությամբ աչքի է ընկնում նաեւ սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը, որը, չգիտես որ արժանիքի համար ստացավ սուպեր նախարարություն եւ հերթով տապալեց բոլոր ոլորտները: Նա մեծամտության եւ ավելորդ ինքնահավանության պատճառով փչացրեց հարաբերությունները բոլորի հետ: Չկա նրա ղեկավարությամբ գործող մի ոլորտ, որտեղ նա հասած լինի փոխհասկացողության եւ գործունեությունն էլ պտուղներ տված լինի: Նա զբաղված է միայն եղածը քանդելու գործով: Հիմա հանրությունը քննարկկում է կրթության ոլորտի սկանդալայն որոշումները, բայց թե ինչ է կատարվում գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, դեռ մութ է, բայց դժվար չէ կռահել, որ շուտով պայթյուններ են լինելու նաեւ այնտեղ:

Հիմա ամենակարեւորը. Հայկ Մարությանին երեւանցիներին պարտադրեց Նիկոլ Փաշինյանը: Նա իմքայլականներին համոզեց քվեարկել Մարությանի թեկնածության օգտին եւ նա երեւանցիներին կոչ արեց քվեարկել նրա օգտին:

Արսեն Թորոսյանին առողջապահության նախարար նշանակել է Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա համառորեն չի ցանկանում նրան պաշտոնանկ անել:

Աշխատանքն ամբողջովին ձախողած Արայիկ Հարությունյանին Փաշինյանը վերցրել է իր հովանավորության տակ եւ անդադար պաշտպանում եւ աջակցում է նրան:

Իսկ այս ամենը նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է քաղաքապետ Հայկ Մարությանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի տապալման ամբողջ պատասխանատվությունը:


Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ