Ոչ մի գերտերության հետ երբեք չի կարելի թարսվել՝ առավել ևս նրանց էշի տեղ դնել

Մեր գլխին պրոբլեմներ են կուտակվում, մենք նստած «սևեր-սպիտակներ» հիմար խաղն ենք խաղում
հարություն մեսրոպյան

Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և ընթացող քաղաքական այլ գործընթացների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

-Պարո՛ն Մեսրոբյան, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը թուրք -ադրբեջանական զորավարժություններ են իրականացվելու, նաև Նախիջևանում, ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործողությունները: Ինչո՞ւ դրանք սկսվեցին հիմա, երբ սահմանում լարված իրավիճակ է: Շատ մեկնաբաններ կարծիք են հայտնում, որ զորավարժությունները  ցուցադրական բնույթ ունեն: Այդ դեպքում, ո՞ւմ է ուղղված՝ մե՞զ, թե՞ Ռուսաստանին:

-Ցանկացած իրավիճակում լուծվում են մարտավարական խնդիրներ, սակայն ռազմավարական ծիրում: Թուրքիայի ռազմավարական նպատակը «Մեծ Թուրան»-ի ստեղծումն է: Սա անհրաժեշտ է հիշել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները դիտարկելիս: Այսինքն՝ ամեն մի ընթացիկ իրադարձության մեջ կարող են ինչ որ ընթացիկ երանգներ լինել, բայց մենք հինավուրց ազգ ենք և պետք է հասկանանք մեր հարևանների ռազմավարական նպատակները:

Այս զորավարժություններն ի սկզբանե անհրաժեշտ է դիտարկել միայն «Մեծ Թուրան»-ի տեսանկյունից, իսկ հետո միայն մնացածը: Թուրքն, աշխարհագրական իմաստով, «սև-սպիտակ»-ի փոխարեն տեսնում է «Մեծ Թուրան»-ի կոկորդը խեղդող Հայաստանի և Արցախի Հանրապետությունները: Եվ փոխզիջումային «գյուտերին» եթե լուրջ վերաբերենք, վերջաբանը լինելու է մեզ համար ողբերգական:

- РБК  հեռուստաընկերությանը վարչապետի տված հարցազրույցի ժամանակ հարց հնչեցվեց, որ կարծիքներ կան, եթե Հայաստանը ճանաչեր Ղրիմը, որպես  Ռուսաստանի տարածք, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լավը կլինեին: Դուք բազմիցս Ձեր մտահոգությունն եք հայտնել այն մասին, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում որոշակի տրամադրվածությունների տեղաշարժեր կան Հայաստանի հանդեպ: Հարցը դիտարկո՞ւմ եք այդ համատեքստում:

-Տվյալ դրվագում վարչապետը ճիշտ մատնանշեց, որ Հայաստանը, ֆորմալ իմաստով, Արցախի Հանրապետությունն էլ չի ճանաչել: Հայաստանը չի ճանաչել նաև Ղրիմը, սկզբից որպես անկախ պետություն, հետո՝ Ռուսաստանի կազմում:

-Զուտ քաղաքական տրամաբանության իմաստով, վարչապետը ճիշտ է: Իսկ Հայաստանի նկատմամբ լարվածությունն աճում է ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ մնացած գերտերությունների և մեր հարևանների, մասնավորապես, Վրաստանի և Իրանի: Դրանում կան և' սուբյեկտիվ, և' օբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվն այն է, որ տարբեր դիվանագիտական սխալներ են արվում մեր ներկա իշխանության կողմից, իսկ օբյեկտիվն այն է, որ աշխարհն է փոխվում՝ վերջին  2-3 տարում, այսպես կոչված, գլոկալիզացիան փոխարինում է գլոբալիզացիային:

Գլոկալիզացիան, երբ գլոբալ մասշտաբներով ընթանում են լոկալիզացիոն պրոցեսներ: Եթե հիմա նայեք` և' Թրամփը, և' Պուտինը, և' Սի Ցզինպինը վարում են ընդգծված գլոկալիզացիոն քաղաքականություն՝ օգտագործելով գլոբալիզացիայի դանդաղ նահանջը: Ընդ որում, գլոբալիզացիայի նահանջը նաև ուղղորդվում է լիբերալիզմի նահանջով, դեմոկրատական բոլոր ինստիտուտների և գործառույթների նահանջով: Պարզ օրինակ` կորոնավիրուսի պայմաններում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների կտրուկ նահանջ է արձանագրվում: Աշխարհը փոխվում է, իսկ մենք՝ հայերս, սեփական պատշգամբում նստած հեռուն չենք ուզում տեսնել:

Օրինակ` Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության հետ կապված արձագանքների 80%-ը գավառական արձագանքներ են թեկուզ այն բանի համար, որ, անտեսելով ռուսական քաղաքական էլիտայի մի մասի վերադիրքավորման պատճառները Հայաստանի նկատմամբ, օրերով կին են քննարկում: Սա մեր ազգի աքիլեսյան գարշապարերից մեկն է` մենք չենք կարողանում համակարգված և գլոբալ նայել երևույթներին, այլ իջնում ենք անձ քննարկելու խոհանոցային մակարդակին:

-Այսինքն, կարո՞ղ ենք փաստել, որ Մարգարիտա Սիմոնյանի հնչեցրած տեսակետը կիսում է նաև Ռուսաստանի էլիտան:

-Ռուսաստանի էլիտան միատար չէ: Կրկնում եմ` մենք պետք է դուրս գանք գավառական մտածելակերպից և երևույթին նայենք բացառապես հայ ազգի շահերի տեսանկյունից և բացառապես համակարգային մտածելակերպով՝ աշխատելով անձեր չքննարկել: Մարգարիտա Սիմոնյանի խոսքերը միայն իր խոսքերը չեն, դա ցույց է տալիս Ռուսաստանի Էլիտաների խմբերի վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանի հանդեպ: Թողել են խնդրի բուն էությունը և ընկել են անձի հետևից:

Նրա խոսքում հատվածներ կան, որոնց հետ համաձայն չեմ, բայց ինձ չի հետաքրքրում Մարգարիտա Սիմոնյան անձն, ինձ մտահոգում է բացասական դինամիկան Հայաստանի և հայերի նկատմամբ: Ես կարող եմ տասնյակ նյութեր ներկայացնել, որ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է: Եվ ոչ միայն Ռուսաստանում է դա տեղի ունենում, այլ, օրինակ, նաև ԱՄՆ-ում: Ասեք, խնդրեմ, վերջին շրջանում ԱՄՆ-ի և Հայաստանի բարձր պաշտոնյաների միջև գոնե մեկ հանդիպում ե՞րբ է եղել: Մեզ մոտ, այսպես կոչված, հները մի ճամբարում փակվել են, իսկ նորերն էլ իրենց ճամբարում, ինչպես խրամատում, ու իրար են միայն տեսնում, իսկ չորս կողմը չեն տեսնում:

Դա կործանարար է մեր երկրի համար, հատկապես, որ այն գտնվում է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ընթանում են գլոբալ և խորքային տեկտոնիկ փոփոխություններ ամբողջ աշխարհում: Մեր գլխին պրոբլեմներ են կուտակվում, մենք նստած «սևեր-սպիտակներ» հիմար խաղն ենք խաղում:

-Կարծիքներ հնչեցին, որ սահմանային լարված իրավիճակի պայմաններում, Կառավարությունը, ԱԺ-ն և դիվանագիտական կազմը բավարար ակտիվություն չդրսևորեցին՝ աշխարհին իրազեկելու համար: Ինչպե՞ս կգնահատեք նրանց աշխատանքը:

-Այսօրվա իշխանությունները, ըստ էության,  շարունակում են բոլոր նախորդ իշխանությունների մոտեցումները երկրի հարցերը լուծելու իմաստով: Մենք միշտ վարել ենք ռեակտիվ, այսպես կոչված, արձագանքային քաղաքականություն և երբեք չենք եղել ակտիվ՝ նախաձեռնող: Երբ նայում եմ, թե ինչպես են այսպես կոչված հները և այսպես կոչված նորերն իրար հետ վիճում, չեմ հասկանում խնդրի էությունը: Չէ՞ որ, գլոբալ իմաստով, կիրառվում են ռեակտիվ մոտեցումները, պարզապես հետաքրքրությունների գույների երանգներն են փոխված:

-Սահմանի լարվածության ֆոնին տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ և հայ-ադրբեջանական բախումներ սկսվեցին: Ո՞րն է այս իրավիճակում սփյուռքի անելիքը, որպեսզի այդ դեպքերը մեծամասշտաբ բնույթ չստանան:

-Զանգվածային միջոցառումները և պրովոկացիաներն, այն էլ` աշխարհով մեկ, կանխելն անհնար է: Պետք է ազգը միահամուռ արձագանքի և այդ պայմաններում միայն կարող ենք արդյունավետ պայքարել աշխարհով մեկ տիրող պրովոկացիաների դեմ:

Մենք՝ հայերս, անգամ ակնհայտ հարցերի շուրջ ամեն մեկս իր տարբերվող կարծիքն ենք հայտնում՝ առանց հասկանալու, որ շատերի կարծիքները ոչ միայն հետաքրքիր չեն, քանի որ ոչ մի արժեք չունեն, այլև վտանգավոր են․ խանգարում են միաբանման գործընթացին: Նաև այս իմաստով, իմ համոզմունքն է, որ ոչ մի գերտերության հետ երբեք չի կարելի թարսվել՝ առավել ևս նրանց էշի տեղ դնել: Մենք հաճախ դա չենք ընկալում, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ աշխարհում բոլորը բոլորին ուշի-ուշով հետևում են:

Օրինակ․ հայ-ադրբեջանական վերջին օրերի սահմանային լարումը գրեթե բոլոր պետությունների թոք-շոուներում քննարկվում էր և չպետք է մտածենք, որ մենք «սուպեր շուստրի» ենք և ուրիշները հիմար են: Մենք պետք է հասկանանք, որ հայերի հետ կապված լարումներն ունեն նաև տեղային առանձնահատկություններ, որի մեջ մենք անգամ չենք խորանում, բայց ժամանակ և հավես ունենք օրերով Մարգարիտա Սիմոնյան անձը քննարկելու…

Նյութի աղբյուրը՝ tert.am