Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լուրջ պրոբլեմներ է ունենալու առաջիկայում. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ էության, օրակարգը ձեւավորված է, մնում է այս ամենը լուրջ կազմակերպչական գործով ձեւակերպել, եւ սա ինքնապատակ չպետք է լինի

«Կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի օրակարգը կայացել է: Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր այդ արտահայտությունը հնչեցնելուց մեկ տարի հետո ինչպիսի իրավիճակ է ընդդիմադիր դաշտում, եւ արդյոք նպատակներին հասնելու համար հնարավո՞ր է կոնսենսուսի բերել հասարակությունը:

«Օրակարգի վերաբերյալ կարծում եմ, որ արդեն կայացել է, բոլոր ընդդիմադիր ուժերի հայտարարությունները եթե նկատել եք, միանման են` բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է,  բոլորը ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն փոխվելու եւ իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային, զանգվածային ճնշումների միջոցով  կարելի է գնալ: Ըստ էության, օրակարգը ձեւավորված է, մնում է այս ամենը լուրջ կազմակերպչական գործով ձեւակերպել, եւ սա ինքնապատակ չպետք է լինի, սա նույն ընդդիմությունը պետք է անի երկրի համար, եւ եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, այս կառավարությունը լուրջ պրոբլեմներ է ունենալու առաջիկայում»,-ասաց նա:

Ի պատասխան այն հարցին,թե որքանով է մեր երկրի համար անվտանգ փոխել իշխանությանը` չսպասելով հերթական ընտրություններին, Քոչարյանն ասաց, որ անպայման լինելու է արտահերթ իշխանափոխություն, ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից, իշխանության գործելաոճից, ընդդիմության գործելաոճից եւ արդյունավետությունից. «Իմ տպավորությամբ այսօր բոլոր հնարավոր սցենարները սեղանի վրա են: Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել, մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է փողոց փակելով իշխանություն փոխել: Ես չեմ ասում, որ անպայման դա կատարվելու է, եւ ոչ ոք չգիտի` դա լինելու է, թե` ոչ, բայց այսօր քաղաքական սեղանի վրա դրված է այդ ամբողջ սպեկտրը»:

Քոչարյանի կարծիքով` անկման եւ ձախողման այս պայմաններում այդ հնարավորությունը ավելի մեծ է եւ ամեն ինչ կախված է  նրանից, թե ինչ արդյունավետությամբ կաշխատեն կառավարությունը եւ ընդդիմությունը իրենց գործառույթների առումով: